211652_close_icon
views-count6691 դիտում article-date 21:35 22-09-2017

ՀՀ Ազգային ժողովում բացվել է գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում այսօր՝ սեպտեմբերի 22-ին, բացվել է արցախցի անվանի գեղանկարիչ, նյուրյորքաբնակ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բացման խոսքում նշել է. «Ռուդիկ Պետրոսյանի ստեղծագործությունը ոչ միայն հնարավորություն է՝ առնչվելու բարձր արվեստին, այլեւ պատկերների լեզվով անմիջական շփում է գեղեցիկի, բարձր ճաշակի եւ գունային շքեղ երեւակայության հետ: Նրա աշխատանքների անկեղծությունը եւ խորությունը մշտապես գրավել են արվեստասերների ուշադրությունը: Ռուդիկ Պետրոսյանը ներկայումս ապրում է Նյու Յորքում, սակայն հայրենիքն իր ներքին ու արտաքին ջերմությամբ մշտական ներկայություն ունի նրա աշխատանքներում»: Հայ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի եւ հայ արվեստը միջազգային հարթակներում արժանավայել ներկայացնելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ռուդիկ Պետրոսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին, ներկաներին, ՀՀ ԱԺ նախագահին՝ բարձր պարգեւի արժանանացնելու, ինչպես նաեւ իր աշխատանքները խորհրդարանում ցուցադրելու հնարավորություն ընձեռելու համար: «Իմ հաջողությունները մեր ժողովրդի ակունքներից եւ արմատներից եկած պարտականություններն են: Իմ գույների, իմ վրձնահարվածների մեջ պարտավորություն կա. մեր զոհերի արյան ամեն մի կաթիլը պարտավորեցնում է լինել բարձրակարգ, պրոֆեսիոնալ արվեստագետ»,- իր խոսքում նշել է Ռուդիկ Պետրոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր