211652_close_icon
views-count21901 դիտում article-date 14:46 29-09-2017

Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները: Ցուցահանդեսի այցելուների համար տեղեկատվություն կա նաև թափուր աշխատատեղերի մասին: «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի շրջանակներում կանցկացվեն գործարար հանդիպումներ, մրցույթներ և սեմինարներ: Ցուցահանդեսին այս տարի մասնակցող 150 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, պատասխանատուների հավաստմամբ, մասնակցում են նաև ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, ՌԴ-ից, Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից, և այլն: Տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց ընթացիկ գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր