211652_close_icon
views-count9236 դիտում article-date 10:23 07-10-2017

Հավատարմությունը չպիտի պայմանավորվի «եթե»-ներով՝ «Ես քեզ սիրելու եմ, եթե...». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Կան ոլորտներ, որտեղ հայ տղամարդկանց մեծամասնությունն իրեն անգերազանցելի փորձագետ է համարում: Եվ ավելին՝ վստահ է, որ բոլոր մնացած տղամարդիկ, էլ չեմ ասում՝ կանայք, կատարյալ տգետներ են: Այդպիսի ոլորտ է, օրինակ, այն ամենն, ինչ կապված է ավտոմեքենաների հետ: Շատ քիչ եմ Հայաստանում հանդիպել տղամարդկանց, որոնք վստահ չեն, որ իրենք մեքենա վարելու անզուգական վարպետներ են, իսկ երթևեկության մյուս մասնակիցերը՝ «քշել չգիտեն, էս ո՞ւմ են ռույլը վստահում» և այլն: Ընդհանրապես մեզանում մեքենաների նկատմամբ, իմ կարծիքով, բավականին հիվանդագին վերաբերմունք է՝ ոչ թե որպես փոխադրամիջոցի, այլ՝ որպես կուռքի, բարեկեցության կամ աղքատության խորհրդանիշի, հաճախ՝ որպես «կյանքի ընկերուհու»: Եվ պատահական չէ, որ այդ մեծամասնությունը ամենագետ փորձագետի կեցվածքով կարող է ժամերով զբաղվել տարբեր մակնիշի մեքենաների և դրանց տարբեր մասերի համետական վերլուծություններով, ինչպես նաև խորը դատողություններ անել վարորդական վարպետության նրբությունների մասին: «Գիտունիկների» մեկ այլ ասպարեզ է ֆուտբոլը: Ավտոմեքենաների հետ համեմատած այստեղ վիճակն ավելի վատ է, որովհետև ֆուտբոլ խաղում են շատ քչերը, բայց մնացած մարդիկ գիտեն, թե ինչպես է պետք ֆուտբոլ խաղալ: Եվ երբ մեր ֆուըբոլիստները պարտվում են, նրանք վստահ են, որ գիտեն վատ խաղի բոլոր խորքային պատճառները և այն լավացնելու ամենաճիշտ ճանապարհները: Երեկվա ընթացքում կարդացի ամենանվաստացուցիչ մեղադրանքները, ամենաթունդ հայհոյանքները մեր ֆուտբոլիստների, մարզիչների և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հասցեին, հաճախ նաև՝ ինչ-որ քաղաքական երանգներով։ Ես չհանդիպեցի որևէ մասնագիտական վերլուծության, թե որոնք են պարտության իրական պատճառները։ Գուցե մասնագետներ, պրոֆեսիոնալներ չկա՞ն, կամ գուցե կան, բայց նրանք այնքան են ընկղմված անձնական հաշիվների մեջ, որ չեն կարող սթափ մտքեր արտահայտել։ Ես չեմ փորձի, ի տարբերություն շատ շատերի, հիմա ինչ-որ սիրողական դատողություններ անել։ Միայն մի բան կարող եմ ասել։ Լինել քո թիմի կողքին, երբ նա հաղթում է, չափազանց հեշտ է՝ դու կարծես քեզ մաս ես զգում այդ հաղթանակների։ Բայց ինչպես մնացած դեպքում՝ սերը, հավատարմությունը չպիտի պայմանական լինի, այսինքն՝ չպիտի պայմանավորվի «եթե»-ներով՝ «Ես քեզ սիրելու եմ, եթե...»։ Սիրելի թիմի կողքին պետք է լինել նաև պարտությունների, անգամ ջախջախիչ պարտությունների պարագայում։ Տղաներին այսօր պետք է հավատալ և քաջալերել, եթե մենք երկրպագում ենք։ Իսկ անհաջողությունների վերլուծությունը թողնենք մասնագետներին»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր