211652_close_icon
views-count3122 դիտում article-date 23:01 12-10-2017

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել Լոռիս-Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառումներ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայության դերը Սանկտ Պետերբուրգի զարգացման գործում՝ նշելով, որ հայերը քաղաքի հիմնադրման օրվանից եղել են նրա հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի անբաժանելի մասը: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Դեռեւս 1710 թվականին Սանկտ Պետերբուրգում կազմավորվել է հայկական համայնք, իսկ 18-րդ դարի երկրորդ կեսից Պետերբուրգում գործող Սուրբ Կատարինե եկեղեցին հայապահպանության եւ ազգային արժեքների փոխանցման կարեւոր օջախներից է»: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Լենինգրադի շրջափակման օրերին հազարավոր հայեր հերոսաբար պաշտպանել են քաղաքը ֆաշիզմից: «Լենինգրադի երկինքը ֆաշիզմի դեմ պայքարում պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, իսկ Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին»,-ասել է պարոն Շարմազանովը: Նշելով, որ բազմաթիվ նշանավոր հայեր դարեր շարունակ Սանկտ Պետերբուրգի խորհրդանիշերից են եղել՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ եղբայրական կապերը պետք է առավել ամրապնդվեն եւ լավագույն ավանդույթներն ըստ արժանվույն սերունդներին փոխանցվեն: Այդ համատեքստում պարոն Շարմազանովը նշել է, որ հաջորդ տարի լրանում է հայազգի մեծանուն զորավար եւ պետական գործիչ, բարենորոգիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուս-թուրքական պատերազմի հերոս Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել ականավոր հայորդու մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ համագործակցության ընդլայնումը, համատեղ ծրագրերի իրականացումը:

Նմանատիպ նյութեր