211652_close_icon
views-count2773 դիտում article-date 09:53 14-10-2017

Երևանի հանդեպ սերը, ջերմությունն ու սրտացավությունը շարունակում է մնալ անփոփոխ մեծություն. Տարոն Մարգարյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ։ Նրանում ասվում է. «Սիրելի՛ երևանցիներ, քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս: Այսօր աշխարհի ողջ հայությունն է «Սիրո քաղաք» կարգախոսով տոնում համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը՝ անթաքույց հպարտությամբ, որ մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ ոստանը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու դերը կայուն զարգացող մայրաքաղաքների շարքում: Երևանն աշխարհում այսօր ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, ջերմ ու բարի, հյուրընկալ քաղաք: Սա փաստ է, որն իրենց մասնագիտական գնահատականներով ամրագրել են միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ՝ այդպիսով նաև գնահատելով մեզ՝ բոլորիս: Այո՛, բոլորի՛ս, քանի որ Երևանի յուրաքանչյուր ձեռքբերումը մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս անմնացորդ նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է: Երևանցին միշտ եղել ու մնում է քաղաքամայր Երևանի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի ու նախաձեռնության մշտական մասնակիցը: Վստահությամբ, համառ աշխատանքով և հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ մեզանից յուրաքանչյուրն անում է առավելագույնը, որ համայն հայության մայրաքաղաք այցելող յուրաքանչյուր ոք տեսնի՛, լսի՛, զգա՛ ու սիրի՛ Երևանը: Սիրելի՛ երևանցիներ, անշուշտ, փոխվում են և՛ ժամանակները, և՛ սերունդները, բայց Երևանի հանդեպ սերը, ջերմությունն ու սրտացավությունը շարունակում է մնալ անփոփոխ մեծություն, ինչը, վստա՛հ եմ, երբեք ու ոչինչ չի՛ կարող փոխել: Ու ես համոզվա՛ծ եմ, որ այսուհետ ևս, ամենքս մեր տեղում, մեր հնարավորությունների, կարողությունների և հմտությունների սահմաններում կշարունակենք հանուն Երևանի անել առավելագույնը՝ մեր սիրելի մայրաքաղաքն ավելի բարեկարգ, հարմարավետ ու ավելի լավը դարձնելու և հաջորդող սերունդներին այն արժանապատվորեն փոխանցելու համար: Իսկ այսօր, բոլորս միասին, լիասիրտ տոնախմբենք «Էրեբունի-Երևան»-ի 2799-ամյակն ու Սիրո քաղաք Երևանին մաղթենք հազարամյակների շարունակական երթ: Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն»։

Նմանատիպ նյութեր