211652_close_icon
views-count5722 դիտում article-date 14:54 18-10-2017

Կարեն Ավագյանը Սանկտ Պետերբուրգում կոչ է արել ՌԴ իշխանություններին վերացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների նկատմամբ ճամփորդական արգելքները

Հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովի շրջանակներում կառույցի առողջապահական խմբում ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարեն Ավագյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ՀՀ ԱԺ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները։ Նշենք, որ Միջխորհրդարանական միության առողջապահական խմբում քննարկվում են համաշխարհային առողջապահական խնդիրները, մարտահրավերները, դրանց լուծման ուղիները։ Առողջապահական խմբում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով զեկուցողները երկուսն էին՝ ՀՀ-ն ներկայացնող Կարեն Ավագյանը և Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ադան Ռիոսը։ Խոսելով հայաստանյան փորձի մասին՝ ՀՀ ԱԺ պատգամավորը մանրամասն անդրադարձել է թեմային առնչվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես, ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ ճամփորդական արգելքների, պարտադիր հետազոտությունների վերացմանը։ Կարեն Ավագյանն իր ելույթում շեշտել է, որ երբ 1990-ականներին Հայաստանում գրանցվեցին ՄԻԱՎ-ի առաջին դեպքերը, բացասական տրամադրվածություն կար ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ, և փորձ էր արվում խստացնել նրանց վերաբերյալ ցանկացած կարգավորում։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ խիստ միջոցները որևէ կերպ չեն օգնում, որպեսզի խոցելի խմբերը թեստավորում անցնեն և բուժում ստանան։ Ուստի ՀՀ-ում փոխվեց քաղաքականությունը, որոշակիորեն ավելացան մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված պետական բյուջեի հատկացումները։ Այդ ամենն ի վերջո հանգեցրեց նրան, որ այսօր հղի կանանց գրեթե 100 տոկոսը հետազոտվում է ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի նկատմամբ, և դրական դեպք հայտնաբերվելու դեպքում կանայք ստանում են կանխարգելիչ բուժում՝ ունենալով առողջ երեխաներ։ Այս ամենի արդյունքում 2016թ. Հայաստանը ճանաչվել է երկիր, որն էլիմինացրել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը. մեր երկրում մորից երեխային ՄԻԱՎ այլևս չի փոխանցվում։ Կարեն Ավագյանն իր ելույթում հատուկ ընդգծել է, որ ցանկացած տիպի պատժիչ օրենսդրություն չի նպաստում էպիդեմիայի վերացմանը, ուստի անհրաժեշտ է հանրային առողջապահական մոտեցումներ ցուցաբերել և կիրառել նոր մեթոդներ՝ բուժումը դիտարկելով որպես կանխարգելում։ Կարեն Ավագյանը և առողջապահական խմբի մյուս անդամներն այցելել են Սանկտ Պետերբուրգի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն, հանդիպումներ են ունեցել Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի, այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Պարոն Ավագյանը հանդիպումների ընթացքում բարձրացրել է իր մտահոգությունները, որոնք առանչվում են Ռուսաստանի կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ կիրառվող ճամփորդական արգելքներին, մասնավորապես, այդ մարդկանց արտաքսմանը։ ՌԴ օրենսդրական այս դրույթը առնչվում է նաև Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնողներին։ Որպեսզի խուսափեն ՌԴ-ից արտաքսումից, չպաշտպանված սեռական հարաբերություններ ունեցած միգրանտները չեն հետազոտվում և լինելով ՄԻԱՎ վարակակիր ու շատ դեպքերում տեղյակ չլինելով այդ մասին՝ վարակում են իրենց կանանց։ Կարեն Ավագյանը, վկայակոչելով հայաստանյան փորձը, առաջարկել է ՌԴ իրավասու մարմիններին քննարկել օրենսդրական նորմերը մեղմելու հարցը։

Նմանատիպ նյութեր