17966 դիտում
19:20 24-10-2017
Իրոք, մենք գործընկերներ ենք, բարեկամներ ենք. Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին Հայաստանում և ընդգծելով, որ ՌԴ վարչապետի այցը կայանում է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, գոհունակությամբ է փաստել, որ այդ ընթացքում հսկայական աշխատանք է իրականացվել:
«Այսօր մեր հարաբերություններն առանձնանում են մշտական քաղաքական երկխոսությամբ բոլոր մակարդակներում՝ արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում լավ աշխատանքով, տնտեսության, ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում և հատկապես փոխադարձ առևտրի ոլորտում արգասաբեր համագործակցությամբ. անցյալ տարին մենք ավարտել ենք 15 տոկոս աճով, իսկ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառության աճը 23 տոկոսից մի փոքր ավելի է: Դա շատ լավ է:
Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կդառնա ևս մեկ կարևոր քայլ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՌԴ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները: Դմիտրի Մեդվեդևն ուրախությամբ տեղեկացրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է, քան նշեց Նախագահը՝ գրեթե 30 տոկոս:
«Այսպիսով, սա դրական տեղեկատվություն է, որով ես ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել: Շնորհակալ եմ հանդիպման հնարավորության համար: Իրոք, մենք գործընկերներ ենք, բարեկամներ ենք, մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ բոլոր ոլորտներում: Քիչ առաջ մենք անցկացրել ենք միջկառավարական բանակցություններ, ստորագրել ենք կարևոր փաստաթղթեր, արձանագրել ենք, որ հարաբերությունները զարգանում են:
Ընդ որում, գործնականում չկա ոլորտ, որի շրջանակներում մենք այժմ չենք համագործակցում: Օրինակ՝ շատ լավ դինամիկա է արձանագրվել գյուղատնտեսական մատակարարումների ոլորտում, և այստեղ Հայաստանը լավ զարգացրել է իր ներկայությունը ռուսական շուկայում, չնայած պարզ է, որ կարելի է այսուհետ ևս այս գործընթացները զարգացնել: Այլ ոլորտները նույնպես լավ զարգանում են: Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ներդրումային փոխգործակցությունը: Քիչ առաջ քննարկում էինք Իրանի հետ համագործակցությամբ ձեզ մոտ ստեղծվող ազատ տնտեսական գոտու տարածքում աշխատանքի հնարավորությունը և մի շարք այլ մասշտաբային ծրագրեր: Ուստի կաշխատենք, կհամագործակցենք»,- ասել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3131 դիտում
14:15 14-09-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ
2419 դիտում
11:56 20-05-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին. տեղի է ունեցել առանձնազրույց
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին