211652_close_icon
views-count7553 դիտում article-date 18:08 27-10-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 2018-2022 թվականներին» թեմայով աշխատաժողովին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Ավստրիայի զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 2018-2022 թվականներին» թեմայով աշխատաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱԶԳ-ի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև ֆերմերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի հիմնական նպատակն է քննարկել 2019 թվականին Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման նախընտրելի ուղղությունները, մասնավորապես կանաչ գյուղատնտեսության և արժեշթղաների զարգացումը: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում ունի մեծ պոտենցիալ և կարող է շատ արդյունավետ լինել: «Կանաչ գյուղատնտեսությունը մեզ համար շատ կարևոր ուղղություն է, որովհետև օրգանիկ և կանաչ գյուղատնտեսությունն այսօր աշխարհում պահանջարկ ունեն, և Հայաստանը ունի բոլոր հնարավորություններն այդ ուղղությունը զարգացնելու համար»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը: Այնուհետև նախարարը ներկաների ուշադրությանն է ներկայացրել 2018-2022 թվականներին Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները: «Գաղտնիք չէ, որ մեր գյուղատնտեսությունը խիստ մասնատված է փոքր տնտեսությունների, որոնք այսօր զբաղվում են ավանդական գյուղատնտեսությամբ: Մեր նպատակն է մեր աջակիցների, դոնոր կազմակերպությունների հետ այդ փոքր տնտեսություններին դարձնել հնարավորինս եկամտաբեր: Մյուս կողմից տնտեսությունը եկամտաբեր է, երբ այն խոշորանում է, սակայն այս պահին մենք դեռևս գյուղացիներին չենք կարող տալ դրա համար անհրաժեշտ հնարավորությունները: Մենք պետք է այդ բալանսը գտնենք, որպեսզի գյուղացին մնա գյուղում և ապրի արժանավայել կյանքով»,- նշել է Իգնատի Առաքելյանը: Անդրադառնալով էժան ֆինանսական միջոցների տրամադրման նպատակով մշակված, մասնավորապես 3-10 մլն դրամ 3-5 տոկոս տոկսադրույքով սուբսիդավորվող վարկերին ծրագրին՝ նախարարը հավելել է, որ սա հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին զբաղվել նաև կանաչ գյուղատնտեսությամբ: Նախարարի համոզմամբ, սակայն, կանաչ գյուղատնտեսությունը կարող է ապահովել ընդհանուր գյուղատնտեսության շուրջ 10-15 տոկոսը միայն, և անհրաժեշտ է ջանքերն ուղղել անասնապահության ոլորտի զարգացմանը, պտուղ-բանջարեղենի և կաթի մթերման կետրոնների հիմնմանը, առանց որոնց Հայաստանի գյուղատնտեսության զարգացում հնարավոր չէ: Անդրադառնալով Եվրամիության աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ եթե նախորդ ծրագրերը նախատեսված էին բացառապես գյուղատնտեսական կոոպերատիվների համար, նոր ծրագրով սահմանափակումներ չեն լինի, այն բաց կլինի բոլորի համար՝ դիմելու և օգտվելու ֆինանսական և տեխնիկական օժանդակությունից: Արմեն Հարությունյանը հավելել է, որ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մեծ պոտենցիալ կա, և այդ ծրագրերը կարող են օժանդակել դրանց նախնական արտադրության մեկնարկին: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր