Կատալոնիան ցնծում է. «Ռեալը» սենսացիոն պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ սենսացիոն հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ՝ 2:1:
Առաջին խաղակեսը իրադարձությունների նման ընթացք չէր ենթադրում: «Ռեալը» 13-րդ րոպեին Իսկոյի շնորհիվ բացեց խաղի հաշիվը, ու թվում էր, թե պրոբլեմներ այլևս չի ունենա:
Սակայն «Ժիրոնան» այս հանդիպումն անցկացրեց այնպես, կարծես կենաց-մահու խնդիր էր լուծվում: Չնայած, մի կողմից հենց այդպես էլ կար. որոշակի ենթատեքստ այս խաղն ուներ. «Ժիրոնան» կատալոնական ակումբ է, Կատալոնիայի ներկայիս առաջնորդ Պուչդեմոնը հենց այս քաղաքի ղեկավարն է եղել, Ժիրոնան կատալոնական անջատողական պայքարի գլխավոր բաստիոններից մեկն է համարվում: Այնպես որ, «Ժիրոնայի» համար այս հանդիպումը բացի մարզականից, նաև քաղաքական նշանակություն ուներ, մանավանդ՝ հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները Իսպանիայում:
Ու «Ժիրոնան» երկրորդ խաղակեսում շատ համարձակ սկսեց գործել, անընդհատ գրոհում էր և իր համառության համար պարգևատրվեց. նախ՝ դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը, իսկ հետո խփեցին երկրորդ գոլը: Մինչև հանդիպման ավարտը ավելի շուտ «Ժիրոնան» կարող էր երրորդ գնդակը խփել, քան «Ռեալը»՝ երկրորդը: «Ժիրոնան» փայլուն հաղթանակ տարավ՝ 2:1, ու իսկական նվեր մատուցեց Կատալոնիային ու հատկապես իր «ավագ» եղբորը՝ «Բարսելոնային»:
Այս խաղից հետո «Ռեալը» 20 միավորով 4-րդն է, և արդեն 8 միավոր է զիջում առաջատարին՝ «Բարսելոնային»:
[b]Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր
[/b]
«Ժիրոնա» - «Ռեալ»՝ 2:1
Կրիստիան Ստուանի, 54, Պորտու, 58 – Իսկո, 12