Սաուդյան Արաբիան առաջինը աշխարհում քաղաքացիություն է տվել ռոբոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սաուդյան Արաբիան դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը քաղաքացիություն է տվել ռոբոտին: Հոնկոնգյան Hanson Robotics ընկերության ստեղծած ռոբոտը՝ Սոֆիա անունով, ներկայացվել է Էր-Ռիյադում կայացած Future Investment Initiative կոնֆերանսում:
Սոֆիային ստեղծած Դևիդ Հենսոնի խոսքերով, նա ունի արհեստական ինտելեկտ և կարող է ճանաչել մարդկանց դեմքերը, իսկ նրա դեմքը ունակ է 62 մարդկային զգացմունքներ արտահայտել:
Շնորհանդեսի ժամանակ Սոֆիան դուրս է եկել ամբիոն և ներկաներին հայտարարել. «Ես նորագույն և լավագույն ռոբոտն եմ՝ Hanson Robotics ընկերությունից»: Կարճատև ներածական խոսքից հետո Սոֆիան պատասխանել է դահլիճում գտնվողների հարցերին:
Երբ նիստը վարողը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են նրան քաղաքացիություն շնորհել, Սոֆիան պատասխանել է. «Շնորհակալ եմ Սաուդյան Արաբիայի թագավորությանը: Իմ համար դա մեծ պատիվ է, և ես հպարտ եմ դրանով: Լինել աշխարհում՝ քաղաքացիություն ունեցող առաջին ռոբոտը. դա պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է»: