211652_close_icon
views-count8192 դիտում article-date 22:25 02-11-2017

Ստորագրվել են անտառային ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության համաձայնագրեր. 2018 թվականին կհիմնվի բարեկամության պուրակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը փոխգործակցության համաձայնագրեր է ստորագրել Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարության «Բելգիպրոլես»-ի տնօրեն Վլադիմիր Ռադյուկևիչի, «Բելգոսլես»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի, «Անտառային տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկու հետ: Համաձայնագրերը ստորագրվել են համաձայն ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի, անտառային տնտեսության և անտառարդյունաբերության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստին հաստատված անտառային տնտեսության ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների համագործակցության հիմնական ուղղությունների մինչև 2025 թվականի միջոցառումների իրականացման պլանի: «Բելգիպրոլես»-ի հետ ստորագրված համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մինչև 10 կմ անտառտնտեսական ճանապարհների կառուցման, որսորդական տնտեսության ստեղծման, լայնատերև և ասեղնատերև ծառատեսակների պլանտացիաների, տնկարանային տնտեսությունների հիմնադրման, անտառտնտեսություններում դենդրոպարկերի ստեղծման, անտառտնտեսությունների և անտառպետությունների գրասենյակների կառուցման նախագծման աշխատանքներ։ «Բելգոսլես» կազմակերպության հետ համագործակցությամբ նախատեսվում է մինչև 50 հազար հա տարածքում իրականացնել անտառաշինական աշխատանքներ` ներգրավելով հայ մասնագետներին Հայաստանում անտառաշինական կառույցի ստեղծման նպատակով։ Մյուս համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է Բելառուսի Հանրապետության «Անտառային տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի հետ, հայ մասնագետները վերապատրաստում կանցնեն Բելառուսի Հանրապետությունում: «Առաջիկայում նախատեսում ենք անտառկառավարման պլաններ կազմելու կազմակերպություն հիմնել և այդ առումով ևս բելառուսական փորձն օգտակար կլինի», - իր խոսքում նշել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը՝ հավելելով, որ հայկական կողմը ևս կարող է օգտակար լինել՝ փորձի փոխանակման առումով։ «Անցած մի քանի օրերի ընթացքում բելառուսական կողմի ներկայացուցիչները եղել են մի քանի անտառտնտեսություններում և զարմացել են, թե ինչպես կարելի է այս պայմաններում անտառ աճեցնել և պահել։ Շատ հետաքրքրված են, և մենք այդ մասով նրանց օգտակար խորհրդատվություն կարող ենք տալ»,- ասել է Մանուկյանը։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը նաև ընդգծել է, որ բելառուսական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2018 թվականին հայ-բելառուսական բարեկամության պուրակ է հիմնվելու։ Այդ նպատակով Բելառուսը Հայաստանին է նվիրաբերելու փակ արմատային համակարգով սոճենու տնկանյութեր, որոնք նախատեսվում է տնկել մինչև 15 հա տարածքում` Սևանի ավազանում և Լոռու մարզում: «Հայաստանից մեր երկիր ժամանած մասնագետներին, փորձի փոխանակման շրջանակներում, կցուցադրվի անտառնտնտեսություններում իրականացվող անտառաշինական աշխատանքների կազմակերպման ընթացքը, կներկայացվի՝ ինչպես է իրականացվում անտառների պահպանությունը, ինչպես ենք վարվում հրդեհների դեպքում»,- համաձայնագրի ստորագրումից հետո նշել է «Անտառային տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկին։ «Բելգիպրոլես»-ի տնօրեն Վլադիմիր Ռադյուկևիչի խոսքով` «Հայանտառ»-ի մի քանի անտառտնտեսություններ կատարած այցերի ընթացքում եկել են այն եզրակացության, որ առաջնային խնդիր է անտառների պահպանության հարցը։ «Այստեղ եղած հնարավորությունների և մեր ունեցած ներուժի համադրումը կարող է շատ ավելի լավ արդյունքերի հանգեցնել»,- ասել է նա։ «Բելգոսլես» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակն իր հերթին հավելել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցությունն արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար էլ։ «Պլանավորել ենք իրականացնել անտառաշինական աշխատանքներ մինչև 50 հազար հա տարածքում՝ ներգրավելով հայ մասնագետներին։ Այս համագործակցությունն իսկապես օգտակար է մեր երկրների համար»,- նշել է նա։ [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր