211652_close_icon
views-count7637 դիտում article-date 09:37 19-11-2017

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Բելգորոդ-Դնեստրովսկի, քննարկվել է քաղաքի պուրակներից մեկը «Հայկական զբոսայգի» անվանակոչելու հարցը

Նոյեմբերի 16-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանն այցելեց Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Ալլա Գինակի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ընդունելության համար՝ նշեց տեղական մակարդակով ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման կարևորությունը, ինչպես մշակույթի, այնպես էլ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում: Ալլա Գինակն իր հերթին պատրաստակամություն հայտնեց վերոնշյալ ոլորտներում համագործակցության կապակցությամբ՝ հատուկ ընդգծելով իր ջերմ բարեկամական հարաբերությունները հայերի հետ: Հանդիպման ընթացքում խոսվեց քաղաքի պատմամշակութային հուշակոթողների, հատկապես՝ ռեստավրացիայի փուլում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու մասին (14-15 դդ.), որի վերաբացումը նախատեսվում է 2018 թ.: Քննարկվեց նաև քաղաքի պուրակներից մեկը «Հայկական զբոսայգի» անվանակոչելու հնարավորությունը: Զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման շրջանակներում քաղաքապետի կողմից առաջարկություն եղավ Հայաստանից և Ուկրաինայից տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների փոխադարձ այցեր կազմակերպել։ Ապակենտրոնացված համագործակցության համատեքստում Բելգորոդ-Դնեստրովսկիի քաղաքապետը առաջարկեց բարեկամության և համագործակցության մասին հուշագիր կնքել Հայաստանի որևէ քաղաքի հետ և նաև ցանկություն հայտնեց մոտ ժամանակներս այցելել Հայաստան: Այնուհետև, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը այցելեց Բելգորոդ-Դնեստրովսկիի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի և ծանոթացավ վերանորոգման աշխատանքներին: Տեղեկանք․ Հայ Առաքելական եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ուկրաինայի Հայերի Միության փոխնախագահ Լևոն Գուլյանի նախաձեռնությամբ և օդեսաբնակ բարերար Ֆելիքս Պետրոսյանի հովանավորությամբ:

Նմանատիպ նյութեր