211652_close_icon
views-count6099 դիտում article-date 10:58 21-11-2017

Նժդեհը ՀՀԿ-ականների 90 տոկոսին բացարձակապես չի հետաքրքրում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ռուսաստանյան «Զվեզդա» պետական հեռուստաալիքի մեկնաբանը օրերս անդրադարձել է Հայաստանում իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի խորհրդանիշին, կարծիք հայտնելով, որ այն հիշեցնում է Երրորդ Ռայխի զինանշանը: Այնուհետև տիկինը կրկնել է Ռուսաստանում վերջերս բավականին հաճախ հնչող պնդումը, թե Գարեգին Նժդեհը (որը ՀՀԿ-ի համար մոտավորապես նույնն է, ինչ Լենինը՝ կոմունիստների համար) իրականում ֆաշիստ էր: Ինչ մնում է արծիվներին, ապա դրանք կան մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր խորհրդանիշներում, այդ թվում՝ Ռուսաստանի զինանշանում: Ինչ մնում է Նժդեհին, ապա պետք է հստակեցնել, թե ինչ նկատի ունեն՝ նրան «ֆաշիստ» անվանելով: Չգիտեմ, թե որքանով է մեկնաբան տիկինն արտահայտում պաշտոնական տեսակետը: Դատելով նրանից, որ նրա «վերլուծությունը» «Զվեզդան» իր կայքից, որքան հասկանում եմ, ջնջել է՝ ոչ այնքան: Չնայած տեսագրությունը համացանցում, իհարկե, պահպանվել է: Դա այնքան էլ կարևոր չէ՝ այլ երկրի մեկնաբանը պաշտոնական, կիսապաշտոնական կամ անպաշտոն կարծիք է հայտնել, որը կարելի է ընդունել ի գիտություն, բայց շարժվել սեփական օրակարգով՝ այդ թվում ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու հարցում: Ինձ համար, ինչպես և, կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների մեծ մասի համար, Գարեգին Նժդեհը ազգային հերոս է, ազատագրական պայքարի նվիրյալ, որի շնորհիվ թուրք-ադրբեջանական զինյալները չեն կարողացել տիրանալ Սյունիքին: Նժդեհի քաղաքական հայացքները, ասույթները, հոդվածները, իմ տպավորությամբ, կուռ համակարգային միասնություն չեն կազմում և հետաքրքրություն են ներկայացնում միայն պատմաբանների համար: «Նժդեհականությունը» սարքել մարքսիզմ-լենինիզմի նման մի բան, ժամանակավրեպ և անիմաստ գործ է: Ընդունելով հերոսին, նրա սխրանքները՝ բացարձակապես պարտադիր չէ ընդունել նրա խառը, հակասական մտքերը, առավել ևս՝ դարձնել դա գաղափարախոսություն: Ոչ մեկը, ենթադրում եմ, չի կասկածում, որ Չարենցը հանճարեղ բանաստեղծ է, և դրան ամենևին չեն խանգարում նրա բոլշևիկյան հայացքները: Չի կարող այսօր լինել ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ, առավել ևս, «իշխող» գաղափարախոսություն: …Եվ վերջապես, ՀՀԿ անդամների 90 տոկոսին Նժդեհը բացարձակապես չի հետաքրքրում: Նրանցից շատերը եղել են, իսկ մեծամասնությունը պատրաստ է լինել ցանկացած այլ կուսակցության անդամ՝ միայն թե կարողանան տեր կանգնել իրենց փողին և պաշտոնին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր