Դրամստիք, դուք ներված եք. Ամերիկան նշում է Գոհաբանության օրը. «Ամերիկայի ձայն»
Գոհաբանության տոնը, կամ՝ Thanksgiving- ը, ամերիկացիների ամենասիրելի տոներից մեկն է, որը ավանդաբար նշում են ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների հետ:
Գոհաբանության օրը Ամերիկայի պետական տոներից է, որը նշվում է յուրաքանչյուր տարի նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթի օրը: Նոյեմբերի 23-ի նախօրեին մթերային խանութներում եռուզեռ է, մարդիկ շտապում են գնումներ կատարել:
Գոհաբանության օրը միլիոնավոր ամերիկացիներ ընտանիքի և բարեկամների հետ միասին հավաքվում են մեծ սեղանի շուրջ՝ իրենց երախտագիտությունն արտահայտելու կյանքի բոլոր հաջողությունների համար և ճաշակում՝ սեղանին դրված ավանդկան մեծ հնդկահավը:
Ամեն տարի այս օրերին ԱՄՆ-ում վաճառվում է շուրջ 45 միլիոն հնդկահավ, որը կազմում է մեկ տարվա ընթացքում վաճառված հնդկահավերի մոտ 18 տոկոսը:
Այս տարի Դոնալդ Թրամփը՝ կատարելով նախագահի իր պարտականությունը, առաջին անգամ անցկացրեց հնդկահավերի ամենամյա ներման արարողությունը:
Միննեսոթա նահանգից հատուկ Գոհաբանության տոնի առթիվ բերված Դրամստիք և Ուիշբոուն անուններով հնդկահավերը ներման նախօրեին գիշերել էին նախագահի նստավայրի դիմաց գտնվող 5-աստղանի հյուրանոցում՝ սպասելով, թե Թրամփը ում ներում կշնորհի և կազատի կերակուր դառնալու ճակատագրից:
«Դրամստիք, դուք ներված եք»,- հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ-ի «գլխավոր հնդկահավ» տիտղոսին արժանացել է Դրամստիք անունով թռչունը։ Թրամփը ներել է նաև Ուիշբոուն անունով հնդկահավին, որն արարողությանը ներկա չի գտնվել։