4512 դիտում
10:57 28-11-2017
Լավ է՝ չեն ասում, որ ամեն առավոտ պարտադրված կլինենք խմել նորածինների արյունը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մարդկային երևակայությունը սահման չունի, ռուսաստանյան քարոզչությունը՝ նույնպես: Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետևանքով մենք, ըստ այդ քարոզչության, կփակենք Մատենադարանը, կհրաժարվենք խաչքարերից և կարտոնենք նույնասեռական ամուսնությունները:
Լավ է՝ չեն ասում, որ ամեն առավոտ պարտադրված կլինենք խմել նորածինների արյունը: Այս և խանդի այլ տեսարաններն ու մեր հասցեին թունոտ մեկնաբանությունները Ռուսաստանի ամենևին ոչ անկախ լրատվամիջոցների կողմից առավել զարմանալի են այսօր, երբ պաշտոնական Կրեմլն ասում է, որ այդ համաձայնագրում ոչ մի խնդիր չի տեսնում:
Քարոզիչները կա՛մ համապատասխան ցուցում առայժմ չեն ստացել, կամ էլ «վերևներից» մի բան պաշտոնապես են ասում, մեկ այլ բան՝ «տակից բզում»:
Բայց դառնանք էությանը: Նման քարոզիչներից մեկը հայտարարել է, որ եվրոպական կողմնորոշում ունեցող հայերն իր երկրի թշնամիներն են: Շատ լավ, իսկ եթե ռուսները նման կողմնորոշում ունեն, նրանք նույնպե՞ս Ռուսաստանի թշնամիներն են: Վստահ եմ, որ հիմա այդ երկրում կան տասնյակ, գուցե հարյուր հազարավոր մարդիկ, որոնք այդ «թշնամական» դիրքորոշումն ունեն: Եվ այդպես է ոչ միայն այսօր:
Եվրոպական արժեքներին են ձգտել Ռուսաստանի ղեկավարներից շատերը՝ սկսած Պետրոս Առաջինից, 19-րդ դարում ռուս մտավորականները, արվեստագետները, գրողները, ազնվականները տարվա մի քանի ամիսն անցկացնում էին Եվրոպայում, այսօրվա վերնախավի ներկայացուցիչների զավակների մեծ մասը կրթությունը ստանում է Արևմուտքում, իսկ գործարարներից շատերի բիզնես կապերը դարձյալ այնտեղ են:
Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Եվրոպան Ռուսաստանի համար թշնամի դարձավ: Մյուս կողմից էլ՝ եվրոպացի որոշ գործիչներ (օրինակ՝ Բրյուսելի գագաթնաժողովում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը) դիմում են չափից դուրս կարծր ճնշման՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ այնքան խելամիտ հաշվարկների, որքան հուզական պոռթկումների հիման վրա:
Ռուսաստանը երբեք չի դառնա Խորհրդային Միություն, և շուկայական հարաբերությունների, համացանցի, երկաթյա վարագույրի բացակայության պայմաններում այն ջանքերը, որոնք Արևմուտքը գործադրում է Ռուսաստանին «զսպելու» համար, ինձ թվում է, չեն համապատասխանում իրավիճակին:
Ոչ ադեկվատ ռուսաստանյան քարոզչությանը, որի «նմուշները» բերեցի հոդվածի սկզբում, հաճախ հակադրվում են նույնքան անհեթեթ «հակառուսական» դրսևորումները, երբ ամեն թփի տակ փնտրում են Պուտինի դավադրությունը: Բոլոր ճամբարների պարանոյիկները նույնն են:
Լավ կլիներ, իհարկե, որ այս հակասությունները հարթվեին: Բայց բոլոր դեպքերում ո՛չ եվրոպացիները, ո՛չ ռուսները մեր թշնամիները չեն: Մենք էլ` Հայաստանի քաղաքացիներս, որքան էլ տարբեր ձևով մտածենք, ոչ առաջինների, ոչ էլ երկրորդների թշնամիները չենք: Ցանկալի է, որ ոչ մի կողմից մեզ «չքաշքշեն»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2387 դիտում
15:34 04-09-2015
ԶՈՒ-ն ամեն ժամ եւ ամեն օր պատրաստ է մտնել մեզ պարտադրված ռազմական գործողությունների մեջ․ Մովսես Հակոբյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը