211652_close_icon
views-count4196 դիտում article-date 12:43 02-12-2017

Հայկ Քոթանջյան. Եվրամիության հետ պայմանագրին ընդառաջ՝ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի աշխարհառազմավարական նախագիծը

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ 2017 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում կայացած «Հայաստան-ԵՄ. Համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներում 2017 թ. հուլիսին՝ Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության պայմանագրի կնքմանն ընդառաջ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն սկսել է Չինաստանի «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ՀՀ ներգրավման աշխարհառազմավարական նախագծի մշակումը: Դրա նպատակն է գնահատել «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում Իրանի տարածքով անցնող Չինաստան – Եվրոպա նոր այլընտրանքային երթուղու գործարկման հնարավորությունը՝ Չինաստան – Իրան ծովային տրանզիտը «Պարսից ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքին ինտեգրելու միջոցով: Տվյալ մշակումը 2017 թ. հուլիսին քննարկվել է Չինաստանի Պաշտպանական հետազոտությունների դպրոցի նախկին պետ, պրոֆեսոր, գեներալ-մայոր Ճան Ինլիի գլխավորած պատվիրակության` մեր համալսարան կատարած այցելության ժամանակ: Նախագիծը 2017 թ. հուլիսի 20-28-ը Սիանում և Շանհայում կայացած միջազգային ռազմավարական գիտաժողովների ժամանակ չինական կողմի հետ փորձաքննել է ՊԱՀՀ-ի գիտնական - վերլուծաբան Ազատ Դավթյանը: Չինացի ռազմավարագետ վերլուծաբանների հետ քննարկումների արդյունքները իրանական կողմի հետ փորձաքննելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության և Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ գիտության գծով իմ տեղակալ - Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Բենիամին Պողոսյանը և գիտնական - վերլուծաբան Ազատ Դավթյանը գործուղվել են Թեհրան: Նրանք ս.թ. հոկտեմբերի 24-ին մասնակցել են Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Կենտրոնական Ասիա և Կովկաս» միջազգային գիտաժողովին: 2017 թ. հուլիս – նոյեմբեր ամիսներին կատարված մեր համատեղ մշակման փորձագիտական քննարկումների ժամանակ չինացի և իրանցի մասնագետները կարևորել են ՀՀ գլխավոր պետական ուղեղային կենտրոնի պատրաստած այս նախագիծը: Տվյալ ռազմավարական ինտեգրացիոն նախագիծը զեկուցվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդին: Իրանցի մասնագետները հատկապես շեշտել են Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տարանցում ապահովելու գործում Իրանի շահագրգռվածությունը: ՊԱՀՀ-ի մշակած նախագիծը ռազմավարական նոր տրամաչափ կհաղորդի տարածաշրջանում ՀՀ աշխարհաքաղաքական դերակատարությանը և որակական նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի մասնակցությամբ Իրանի և Չինաստանի հետ Եվրամիության երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը: Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում նշել, որ այս խնդրի շուրջ Իրանի և Չինաստանի հետ միջպետական բանակցությունների մեկնարկի հետագա ձգձգումը կարող է էապես նվազեցնել Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման հաղթահարմանը նպատակաուղղված տվյալ ծրագրի իրականացման հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր