211652_close_icon
views-count7496 դիտում article-date 10:23 06-12-2017

Նշանային քայլ՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից Հայկազ Բաղմանյանին ազատելու մասին: Այս հրամանագիրն, անշուշտ, ինքնին ուշագրավ կլիներ, բայց բազմակի անգամ ավելի հետաքրքիր դարձավ այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դրանից առաջ հայտարարեց, որ ինքն է Հայկազ Բաղմանյանին հորդորել գրել զորացրման դիմում: Այլ կերպ ասած՝ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ինքն է հեռացրել Հայկազ Բաղմանյանին: Իսկ իրադարձության ամբողջ «հմայքն» այն է, որ Հայկազ Բաղմանյանը թե՛ զինված ուժերի, թե՛ Հայաստանում երկու տասնամյակ իշխող համակարգի այն օդիոզ ներկայացուցիչներից է, որոնք դարձել են իշխող համակարգի խորհրդանիշները՝ այդ բառի, թերևս, ամենաբացասական իմաստով: Եվ եթե Վիգեն Սարգսյանը հեռացնում է այդ խորհրդանիշներից մեկին, այն էլ՝ մի գեներալի, որը աղմկոտ մի շարք պատմություններով «անցնելու» պարագայում թվում էր անձեռնմխելի, ապա ըստ էության՝ ինքն է այլևս դառնում որոշակի խորհրդանշական ֆիգուր: Վիգեն Սարգսյանը խորհրդանշում է նոր ժամանակը, թեև առայժմ, իհարկե, մեղմ ասած դժվար է ասել, թե ինչպիսին է այդ ժամանակը լինելու իր որակական հատկանիշներով թե՛ ընդհանրապես, թե՛ նախորդ, այսպես ասած, խորհրդանիշների ժամանակի հետ համեմատությամբ: Ավելին՝ նոր ժամանակը համակարգի համար մոտեցող, սակայն դեռևս ամենևին փաստ չհանդիսացող հանգամանք է: Սակայն հատկանշական է այն, որ դրան տանող բավականին ընդգծված, նշանային քայլը տեղի է ունենում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Նախորդ հրապարակումներում կարծիք ենք հայտնել, որ համաձայնագրի ստորագրումով Սերժ Սարգսյանը գործնականում ամփոփում է արտաքին քաղաքական մի լայն շրջափուլ, և դրանից հետո, թերևս, իրադարձությունների զարգացման առանցքը կտեղափոխվի ներքին դաշտ, արտաքին շրջափուլում կուտակած կապիտալը ներքին քաղաքական արդյունքի վերածելու համար: Իսկ կուտակված կապիտալը քիչ չէ, ինչպես ցույց տվեց թե՛ ԵՄ հետ համաձայնագիրը, թե՛ ղարաբաղյան գործընթացի շուրջ ծավալված զարգացումները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր