211652_close_icon
views-count4953 դիտում article-date 20:15 13-12-2017

Ստոկհոլմի արքայական օպերայի շենքում Հայաստանին նվիրված Սբ. Ծննդյան բարեգործական ճաշկերույթ է տեղի ունեցել

Դեկտեմբերի 12-ին Ստոկհոլմի արքայական օպերայի շենքում տեղի ունեցավ Ստոկհոլմի Կանանց Միջազգային ակումբի ամենամյա Սբ. Ծննդյան բարեգործական ճաշկերույթը, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և կազմակերպվել էր ՀՀ դեսպանության հետ միասնաբար։ Ցերեկույթին ներկա էին արքայադուստր Մարիա Բերնադոտը, Շվեդիայում հավատարմագրված կին դեսպաններ և դիվանագետներ, շվեդ ազնվականության և մտավորականության ներկայացուցիչներ։ Ստոկհոլմի Կանանց Միջազգային ակումբի անունից նախագահ Պիրյո Սոպի-Սանդելը շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին և նրա տիկնոջն ամենամյա այս միջոցառումը հովանավորելու համար։ Միջոցառման ավելի քան 150 մասնակիցներ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին, տոնական հայկական զարդարանքներով սեղանների շուրջ համտեսեցին հայկական քաղցրավենիքներ և գինի, ունկնդրեցին Կոմիտասի ստեղծագործությունները Շվեդիայում բնակվող հայ երաժիշտների «Հայկանի» տրիոյի կատարմամբ։ Մասնակիցներին բաժանվեց Հայաստանի և ամանորյա հայկական ավանդույթների մասին դեսպանության կողմից պատրաստված գրքույկ և հայկական զարդեր և քաղցրավենիք։ Բարեգործական աճուրդով վաճառված հայկական հուշանվերների, կոնյակների և գինիների ողջ հասույթը տրամադրվելու է «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին, որը սոցիալական աջակցություն է ցուցաբերում նյութապես անապահով կամ լքված մայրերին։

Նմանատիպ նյութեր