211652_close_icon
views-count1899 դիտում article-date 19:34 01-03-2019

Լոնդոնում տեղի է ունեցել Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդարանի Տիկնանց միության կողմից կազմակերպված բարեգործական ճաշկերույթ

Փետրվարի 28-ին Լոնդոնում տեղի ունեցավ բարեգործական ճաշկերույթ, որը կազմակերպվել էր Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդարանի Տիկնանց միության կողմից` թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հովանու ներքո։ Ճաշկերույթի ողջ հասույթը տրամադրվելու է 1988թ երկրաշարժից տուժած Սպիտակ քաղաքում բնակարանաշինության իրականացմանը։ Որպես հատուկ հրավիրյալ` ներկաներին իր խոսքն ուղղեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը։ Դեսպանն անդրադարձավ երկրաշարժի և դրան հաջորդած տարիներին բրիտանահայ համայնքի և բրիտանական կառավարության կողմից աղետից տուժած շրջաններին ցուցաբերված մարդասիրական օգնությանն ու անգնահատելի աջակցությանը։ Դեսպան Կիրակոսյանը բարձր գնահատեց և կարևորեց հայ համայնքի ակտիվ մասնակցությունը սույն նախաձեռնությանը` հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։ Իր խոսքում դեսպանն անդրադարձ կատարեց Հայաստան–Սփյուռք փոխհարաբերություններին` կարևորելով այսուհետ ևս բրիտանահայ համայնքի դերակատարությունը հայրենիքի զարգացման գործում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց ցուցաբերել ամենայն գործուն աջակցություն այս ուղղությամբ։ Երեկոյի ընթացքում որպես հիմնական բանախոս ելույթով հանդես եկավ առաջատար վիրաբույժ, Լոնդոնի Կայսերական համալսարանի պրոֆեսոր, Թագուհու գաղտնի խորհրդի անդամ, ՄԹ առողջապահության պետքարտուղարի նախկին խորհրդարանական տեղակալ Լորդ Արա Դարզին։ Ներկաներին ողջույնի խոսք հղեցին նաև Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, բրիտանահայկական առողջապահական միության նախագահ Սեդա Բողոսյանը։ Երեկոյի ընթացքում հայկական պարային կատարումներով հանդես եկան «Ախթամար» պարային համույթի մենապարողները, իսկ երաժշտական կատարումներով` Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախմբի ղեկավար Հովհաննես Առաքելյանը։

Նմանատիպ նյութեր