2920 դիտում
17:40 15-12-2017
ՀՀ սփյուռքի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի է ունեցել հուշագրի ստորագրման արարողություն
Դեկտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի ունեցավ սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռման հուշագրի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիս:
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը:
Կարևորելով հուշագրի կնքումը՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ երկու երկրների միջև հիմք է դրվում նոր մակարդակի քաղաքական երկխոսության և մասնավորապես ասաց. «Մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունը դարավոր պատմություն ունի, և դրա հիմքը նաև մեր սփյուռքյան համայնքներն են: Իսկ Հայաստանի անկախացումից հետո մեր բարեկամական հարաբերությունները և ամուր մշակութային, կրոնական ու տնտեսական կապերը առավել սերտացան: Հունաստանի պետությունը տարբեր առիթներով անդրադարձել է հայկական խնդիրներին: Չափազանց կարևոր էր Հունաստանի Հանրապետության Պառլամենտի կողմից 1996թ. ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքը, ինչպես նաև՝ ապրիլի 24-ը որպես Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը և 2014թ. Ռասիզմի և խտրականության մասին օրենքի ընդունումը, որով քրեականացվել է հայերի և Պոնտոսի հույների ու Փոքր Ասիայում բնակվող հույների ցեղասպանությունների ժխտումը: Կարծում եմ նույնքան կարևոր էր 2015 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հույների և ասորիների ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ սփյուռքում գործող մեր հայ և հույն համայնքները սերտորեն համագործակցում են, սակայն վստահ եմ, որ այսուհետ երկու ժողովուրդների համագործակցությունը սփյուռքում առավել կզարգանա բոլոր ոլորտներում: Երեկ մեր գործընկերոջ՝ Կիպրոսի նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար պարոն Ֆոտիս Ֆոտիուի հետ շեշտեցինք, որ համագործակցությունը հիմնականում ուղղված է լինելու երիտասարդական խնդիրների լուծմանը, փոխճանաչողությանն ու փոխգործակցությանը: Վստահ եմ, որ և՛ Հայաստանն ու Հունաստանը, և՛ մեր սփյուռքները միասնաբար գործելով՝ մեծ հաջողություններ կարձանագրեն»:
Շնորհակալություն հայտնելով լրագրողներին՝ նախորդ օրվա Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հանդիպումը լայնորեն լուսաբանելու համար՝ Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը ևս կարևորեց հուշագրի ստորագրումը և նշեց. «Մեր ժողովուրդներին կապում են քրիստոնեությունը, պատմությունը, ցեղասպանություններն ու մշակույթը: Ես արդեն երրորդ անգամ եմ այցելում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Իսկ այսօր ինձ համար մեծ պատիվ է նման հուշագրի ստորագրումը: Վստահեցնում եմ, որ հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները՝ մենք միասնաբար կգտնենք մեր համագործակցության ուղիները: Մյուս կողմից մեր տեսլականն է՝ ընդլայնել համագործակցության այն ծրագրերը, որոնք կապված են մեր երկրների և սփյուռքների, տնտեսական, կրթական, մշակութային, միջեկեղեցական համագործակցության հետ: Անկեղծ ասած, ես և՛ որպես լրագրող, և՛ որպես նախարարի տեղակալ շատ երկրներում եմ եղել և առնչվել եմ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն ինձ զարմանք պատճառեց Հայաստանի սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի անսպառ էներգիան, ճկուն միտքն ու օպերատիվությունը, անհավանական կարճ ժամանակահատվածում նա կազմակերպեց երկկողմ ու եռակողմ հանդիպումների շարքը, հուշագրերի կնքումը, և այդ ամենը հագեցած բազմաբովանդակ մշակութային ծրագրերով: Կարծում եմ՝ ես առավել հարստացած կվերադառնամ Հունաստան»:
----------------
Նմանատիպ նյութեր
878 դիտում
22:52 28-02-2015
Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն Սոֆիայում
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը