211652_close_icon
views-count7100 դիտում article-date 21:34 17-12-2017

Գուգարաց թեմում վերաօծվեց Շնող համայնքի Սբ Սարգիս եկեղեցին. ՖՈՏՈՇԱՐՔ

Դեկտեմբերի 16-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց Շնող համայնքի Սբ Սարգիս եկեղեցին: 1996թ.-ից առ այսօր Գուգարաց թեմում կառուցվել, վերակառուցվել և վերակառուցվել են 45 վանք և եկեղեցի և 24 մատուռ: Շնողի Սուրբ Սարգիս եկեղեցին 45-րդ եկեղեցին է, որը վերաօծվեց ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի: Շնող համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1894թ.-ին և չնայած տասնամյակներ շարունակ չի գործել, եղել և մնում է սիրված սրբավայր Շնող համայնքում: Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով եռանավ բազիլիկաձև է: Տեղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ցորենի պահեստ և ժամանակի ընթացքում ավերվել է: 1998թ.-ին նախաձեռնությամբ Հենրիկ և Հայկազ Քոչինյանների եկեղեցին մասամբ վերականգնվել է: 2004-2006թթ. Շնողնեցի Արթուր Ջավախյանի նյութական միջոցներով կատարվել են ծածկի հիմնանորոգման աշխատանքները, բարեկարգվել է եկեղեցու հարակից բակը: 2006թ.-ին մյուս շնողնեցի Վարազդատ Մելիքսեթյանի միջոցներով տեղադրվել է զանգակատան նոր զանգը: 2017թ.-ին Արտակ Համբարձումյանի միջոցներով տեղադրվել են Սուրբ Սեղանը և Սուրբ Սեղանի Խաչը: Համայնքապետ Դավիթ Ղումաշյանի միջոցներով տեղադրվել է եկեղեցու նոր վարագույրը և «Աստվածամոր» սրբապատկերը: Սրբապատկերներ են նվիրաբերել նաև Արտակ Պետրոսյանը՝ «Խաչելություն», Վալերի Մեջլումյանը՝ «Խաչելություն» և «Ավետում», ռումինահայ բարերար Ինես Բենլյանը՝ «Սբ Սարգիս Զորավար»: Եկեղեցուն գորգեր է նվիրել Արտուշ Բոշյանը: Այս պատմական ու հիշարժան օրվա տոնակատարությանը հավատքով և ուխտով մասնակցում էին գյուղի ողջ բարեպաշտ ժողովուրդը, երիտասարդներն ու դպրոցականները: Այդ պատմական օրը վերաօծվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, մկրտության ավազանը, աջ և ձախ սյուները: Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ աղոթատան գավիթում ուխտի Պատարագ մատուցեց տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը՝ սպասավորությամբ՝ Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի: Օծման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, տարածաշրջանի քահանա հայրեր, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի քաղաքապետերը, այլ համայնքապետեր, ուխտավորներ Երևանից և տարբեր համայնքներից: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին, օրհնության և քաջալերանքի խոսքեր ասաց բարերարներ՝ Արթուր Ջավախյանին, Վարազդատ Մելիքսեթյանին, Դավիթ Ղումաշյանին, Արտակ Համբարձումյանին, Արտակ Պետրոսյանին, Արտուշ Բոշյանին, ինչպես նաև քանդակագործներ Ալբերտ Ուլիխանյանին և Ռաֆայել Ջավախյանին, և ապա Խրատի թանգարաններ նվիրեց նրանց: Սրբավայրի վերականգնման առթիվ Արթուր Ջավախյանի և Գրիշա Մաժինյանի կողմից կանգնեցվեցին խաչքարեր, որոնք նույնպես օրհնվեցին: Արարողության ավարտին համայնքապետ Դավիթ Ղումաշյանի կողմից ներկաներին բաժանվեց ուխտի մատաղ: Շնողի Սբ Սարգիս եկեղեցում այսուհետ ամեն տարի ուխտի օրերին եկեղեցական խորհուրդներ կկատարի Ախթալայի վանքի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր