211652_close_icon
views-count5531 դիտում article-date 20:59 20-12-2017

Երևանի Թիվ 91 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 230 սաների առջև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ ներկա է գտնվել Երևանի հ. 91 մանկապարտեզի վերաբացմանը: Ի դեպ, մանկապարտեզն այսուհետ կկրի «Փոքրիկ երկիր» անվանումը: Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող և կառուցման օրից երբևէ չհիմնանորոգված նախակրթարանում շուրջ 230 սաների համար ստեղծվել են նոր ու առավել հարմարավետ պայմաններ: Մանկապարտեզի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Նախակրթարանի ներքին հարդարման ու ձևավորման աշխատանքներն իրականացվել են յուրօրինակ լուծումներով՝ երեխաների համար ստեղծելով հեքիաթային ու նոր աշխարհ: Մանկապարտեզի բակը ևս բարեկարգվել է, տեղադրվել են մանկական խաղեր, զրուցարան-տաղավարններ: Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկնոջ աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով կահավորվել են խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու մյուս սենյակները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ: «Յուրաքանչյուր մանկապարտեզ իր յուրահատուկ մոտեցումն ունի երեխաների կրթության, դաստիարակության հարցում, սակայն մեզ համար կարևոր են նաև այն պայմանները, որոնք ստեղծվում են երեխաների և աշխատակազմերի համար: Այս տարի սա արդեն 2-րդ մանկապարտեզն է, որը ՀՀ առաջին տիկնոջ աջակցությամբ հանձնում ենք մեր փոքրիկ համաքաղաքացներին՝ հնարավորություն տալով նրանց հաճախելու օրինակելի մանկապարտեզ: Երևանի քաղաքապետարանն իր հերթին առաջիկա հինգ տարիներին շարունակելու է մանկապարտեզների նորոգման ծրագիրը, որպեսզի մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ունենան նմանատիպ պայմաններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր