76547 դիտում
19:10 03-01-2018
Մինչ Երևանի քաղաքապետարանի ու Էրեբունու թաղապետարանի պաշտոնյաները զբաղված են ամանորյա «բուդ գզելով», Սարի-թաղում առաջանում է բազմաթիվ տների փլուզման վտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ին սահմաններում, Էրեբունի վարչական շրջանի կոմունալ ծառայության բաժնի պետի տեղակալը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սարի-թաղի 18-րդ փողոցի թիվ 68 տան աստիճանների մոտ և տան բակում հսկայական փոս է գոյացել, ինչի հետևանքով տան ներսում պատերին հսկայական ճաքեր են առաջացել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարարական ծառայության կապիտան Արթուր ճաղարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև «Վիոլա ջուր» ընկերության «Կենտրոն» տեղամասի աշխատակիցները՝ ջրահեռացման բաժնի ինժեներ Սուքիասյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է, որ Սևակ Միլիտոնյանին պատկանող երկհարկանի տան բակում առաջացել է հսկայական փոս՝ 1,5-2 մետր խորությամբ փոս, իսկ 2-րդ հարկի սենյակներում պատերի ճաքերի լայնությունը մինչև 3 սմ է:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ «Վիոլա ջուր» ընկերությունը նշված հատվածում ոչ մի գործողություն չի կարող անել, քանի որ փլուզման պատճառը իրենց ընկերությունը չի եղել, դա երկար տարիների պատմություն է և Սարի-թաղում նմանատիպ տներ շատ կան, ու դրանով պետք է զբաղվեն Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունու վարչական շրջանի ղեկավար կազմը:
Բնակիչները բազմաթիվ անգամ նման դեպքերի մասին ահազանգել են պատկան մարմիններին, իսկ նրանք կարծես «ջայլամի» քաղաքականություն են որդեգրել, ու եթե այս դեպքից հետո հետևություններ չանեն, չի բացառվում, որ հետագայում ականատես լինենք Սարի-թաղում սեփական տների փլուզմանը՝ իր տխուր հետևասնքներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+