211652_close_icon
views-count82507 դիտում article-date 19:11 06-01-2018

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. որսագողությունն ավարտվել է ողբերգությամբ. եղբոր խնամու 22-ամյա տղայի կրակոցով սպանվել է 55-ամյա քաղաքացին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի և ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Իջևան քաղաքի Մեհրաբյան փ., բնակիչ 55-ամյա Կառլեն Մարկոսյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում հայտնի Աղայա սարամասից : Տավուշի մարզի ոստիկանները մեկնել են սարամաս, որտեղ արդեն դեպքի վայրում պարզել են, որ նրան մահացու հրազենային վնասվածքը պատճառել է Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ 22-ամյա Սեյրան Մատինյանը: Ժամանել են նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատարյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Մատինյանն ու Կ. Մարկոսյանը ապօրինի որս անելիս են եղել: Իսկ Ս. Մատինյանը մահացածի եղբոր խնամու տղան է: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ս. Մատինյանը ինքնակամ ներկայացել է Իջևանի ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք «ԻԺ-26» տիպի երկփողանի, ողորկափող որսորդական հրացանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, հետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային և այլն: Այս պահին Ս. Մատինյանը գտնվում է Ոստիկանության Իջևանի բաժնում մինչև մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար հատկապես կարևոր գործերով քննիչ Սուրեն Գասպարյանը կորոշի նրա խափանման միջոցի հարցը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր