211652_close_icon
views-count5882 դիտում article-date 19:57 11-01-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են գյուղոլորտին առնչվող ներդրումային նոր ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն մի շարք ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով, որը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 6 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում նախատեսվում է հիմնել շամպայն գինիների գործարան, Լոռիում ընդլայնել հատապտուղների, մասնավորապես` ազնվամորու արտադրությունը, Գեղարքունիքի մարզում հիմնել կերերի արտադրություն ձկնարդյունաբերական և անասնապահական տնտեսությունների համար և այլն: Խորհրդակցության ընթացքում փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է մարզերից ներկայացվող ծրագրերի սուբսիդավորման կարգը, և առաջիկայում ձևավորվելու է հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, որն ըստ հաստատված չափորոշիչների կորոշի ծրագրերի սուբսիդավորման չափը: «Ծրագրերից երեքը դրական եզրակացություն ստացան և առաջիկայում կարգն ընդունելուց հետո կարող են դիմել համապատասխան ֆինանսական կառույցներին պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար: Եվս մեկ ծրագիր կօգտվի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի ծրագրից», - նշել է, փոխնախարարը: Ռոբերտ Մակարյանը նաև ընդգծել է, որ ծրագրերի շահառուները բիզնես-ծրագրեր կազմելու նպատակով պետք է դիմեն ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղեր, որից հետո կկատարվեն ֆինանսական հաշվարկներ, և ծրագրերը կուսումնասիրվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ծրագրի շահառու, «Քյոշ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Վահե Քեուշգուերյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը մտադիր է Վայոց ձորի Խաչիկ համայնքում հիմնադրել շամպայն գինիների գործարան, որի տարեկան արտադրության ծավալը, աստիճանաբար աճելով, կկազմի մոտավորապես 100-110 հազար շիշ: «Գինեգործության ոլորտում շատ ավելի պոզիտիվ մոտեցում կա, քան այլ ոլորտներում: Քանի որ գինեգործությունն արագորեն զարգանում է, իմ կարծիքով ճիշտ է, որ կառավարությունը ֆինանսավորում է այս ուղղությունը», - նշել է նա: Պատասխանատուները շահառուների հետ քննարկել են ներկայացված ծրագրերի արդյունավետությունը, ֆինանսական գնահատականներն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները:

Նմանատիպ նյութեր