211652_close_icon
views-count4416 դիտում article-date 17:28 12-01-2018

ՀՀ դատախազությունն ու ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան սկսում են համագործակցության հուշագրով նախանշած միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է 95 հասարակական կազմակերպություն միավորող Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ դատախազության և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրի առաջնահերթությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում հանրային իրազեկվածության, մասնակցության ապահովման առավել արդյունավետ կառուցակարգեր մշակելուն, նախատեսված համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր: Արթուր Դավթյանը վերահաստատել է ՀՀ դատախազության տրամադրվածությունը սկսված համագործակցությունը գործնական արդյունքների վերածելու հարցում: Նա նշել է, որ որքան կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների հետևողական, անզիջում պայքարը, նույնքան էական է այդ աշխատանքների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ կոռուպցիոն հանցագործությունների, դրանց դեմ քրեաիրավական պայքարի արդյունքների շուրջ տեղեկատվության օպերատիվ, ակտիվ փոխանակման անհրաժեշտությունը: Այն նշանակալի ազդեցություն կունենա ինչպես ազդարարի ինստիտուտի կայացման, այնպես էլ՝ ապօրինի հարստացման հնարավոր դեպքերի բացահայտման, պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներկայացվող տվյալների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու ուղղություններով: Ընդգծելով հուշագրում նախանշված նպատակների կենսագործման ուղղությամբ գործնական քայլերի անցնելու ՀՀ դատախազության նախաձեռնողականությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը շեշտել է ՔՀԿ-ներ-ԶԼՄ-ներ-Դատախազություն շփումների գործնական հարթակ ձևավորելու անհրաժեշտությունը, որը կնպաստի ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, այնպես էլ՝ դրան ուղղված իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ հավասարակշռված և ճիշտ տեղեկատվության հոսքերի ապահովմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին տվյալներ պարունակող ԶԼՄ հրապարակումները որպես քրեական գործեր հարուցելու օրինական առիթ դիտարկելու հստակ չափորոշիչներ մշակելու և դրանք իրավական համապատասխան ակտերով սահմանելու, կոռուպցիոն դեպքերի հանրայնացման ժամանակ մարդու իրավունքների և հանրային շահերի համադրման առավել ապահովմանն ուղղված կառուցակարգեր մշակելու հետ կապված հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել դրանց շուրջ առաջիկայում աշխատանքային ձևաչափերով ավելի առարկայական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև համագործակցության հուշագիրն ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 9-ին: Հուշագրով նախատեսվում են միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, հակակոռուպցիոն ոլորտում իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպություների համագործակցության զարգացմանը, քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ պայքարի միջոցների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարում ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովմանը և այլն:

Նմանատիպ նյութեր