211652_close_icon
views-count12438 դիտում article-date 10:11 19-01-2018

Զորակոչից տարկետում ստանալու իրավունք կստանան 80 բալ հավաքածները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Պաշտպանության նախարարությունն այսօր տեղադրել է կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով սահմանվում են գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Նախորդ տարվա վերջին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքով էապես սահմանափակվում է զորակոչից տարկետման իրավունքը: Դա պատճառ էր դարձել, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն այդ փոփոխության դեմ պայքար սկսեր, որի մեջ ներառված էին դասադուլներ, հացադուլներ: Տարկետման, ըստ էության, վերացումը նրանք համարում էին գիտությանն ուղղված հարված: Իշխանությունը, որպես զիջման քայլ, խոստացել էր առանձնահատուկ օժտվածություն ունեցող ուսանողների համար սահմանել բացառություն, ինչը, սակայն, բողոքի ձայն հնչեցնող երիտասարդները համարել էին անչափելի: Խոսքը օժտվածության մասին էր: Հրապարակված որոշման նախագծով մասնավորապես սահմանվում է. ՀՀ կրթության և գիտության նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ստեղծի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով և հաստատելու է դրա կազմն ու աշխատակարգը: Հանձնաժողովի կազմը լինելու է ոչ պակաս, քան 11 անդամ՝ այդ կազմում ներառելով ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ պաշտպանության նախարարություններից, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետների: Հանձնաժողովի դրական եզրակացության և դրանց վերաբերյալ ստացված դիմումների ու կից փաստաթղթերի հիման վրա պետք է մշակվի կառավարության որոշման նախագիծ: Այսինքն՝ առանձին անձանց տարկետման իրավունքի տրամադրման կամ մերժման մասին վերջնական որոշումը կայացնելու է կառավարությունը: Հրապարակված նախագի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառների զարգացման համար ՀՀ կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները: Այդ ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր