4956 դիտում
12:24 19-01-2018
Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահին
Հունվարի 18-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը Կոտրոչենի նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Կլաուս Յոհանիսին:
Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողության ավարտին կայացած զրույցի ընթացքում նախագահ Յոհանիսը շնորհավորեց Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ մաղթելով նրան արգասավոր դիվանագիտական առաքելություն: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Մինասյանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների հարաբերությունների խորացմանը` կարևոր ներդրում բերելով երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով նախագահ Յոհանիսին ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Մինասյանն ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու համար։
Դեսպան Մինասյանը նշեց, որ անցած տարիներին երկու երկրները նշանակալի հաջողություններ են գրանցել քաղաքական, մշակութային, կրթական ոլորտներում: Կողմերը համակարծիք էին, որ այս համատեքստում անհրաժեշտ է ավելի խորացնել տնտեսական հարաբերութունները, որոնք դեռևս չեն գտնվում ցանկալի մակարդակի վրա:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն անդրադարձավ 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նկատելով, որ այն բարենպաստ քաղաքական միջավայր է ստեղծում բազմակողմ և երկկողմ համագործակցության հետագա զարգացման առումով։
Անդրադառնալով 2018թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին՝ դեսպան Մինասյանը շեշտեց, որ նախագահ Յոհանիսի մասնակցությունը լուրջ խթան կարող է հանդիսանալ բազմակողմ և երկկողմ ձևաչափերում հայ-ռումինական համագործակցության խորացման համար, հատկապես, հաշվի առնելով Ռումինիայի՝ որպես Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնի կարևոր դերակատարությունը:
Դեսպանը նաև նշեց ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում բանակցային ճանապարհով կարգավորելու կարևորությունը` շեշտելով, որ վերջին շրջանում հակամարտության նկատմամբ Ռումինիայի դիրքորոշումը եղել է հավասարակշռված, և որ հայկական կողմն ակնկալում է այդ դիրքորոշման շարունակականությունը՝ հատկապես, Հայաստան-ԵՄ Համաձայնագրի նախաբանում այդ խնդրի կապակցությամբ արտացոլված միասնական մոտեցմանը համահունչ:
Դեսպան Մինասյանը նշեց, որ Հայաստանը և Ռումինիան կարող են արդյունավետ համագործակցել նաև եվրոպական կառույցների շրջանակներում, հատկապես արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի կառավարման, հետազոտական և կրթական ոլորտներում:
Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց նախագահ Յոհանիսին էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Ռումինիայի վարած քաղաքականության համար՝ նշելով, որ Ռումինիան երկրորդ հայրենիք դարձավ ինչպես դարեր առաջ, այնպես էլ՝ 1915թ. Ցեղասպանությունից հետո այստեղ հաստատված հայերի համար: Ռումինիան առաջին երկիրն էր, որը Ցեղասպանությունը վերապրածներին պետական մակարդակով ապաստան առաջարկեց:
Նմանատիպ նյութեր
2405 դիտում
14:58 19-01-2017
Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին
952 դիտում
22:59 24-01-2024
Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահին
1211 դիտում
16:00 17-05-2014
Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Արքայազնին
Այս բաժնից
823 դիտում
16:52 18-11-2024
Նվերների արժեքը՝ 1,5 մլն դրամ․ Աննա Հակոբյանի հիմնադրամը ամանորյա վիճակահանություն կկազմակերպի
733 դիտում
16:31 18-11-2024
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով
679 դիտում
16:19 18-11-2024
ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի. Կոնջորյան