211652_close_icon
views-count2113 դիտում article-date 16:48 30-01-2018

Տարոն Մարգարյան. «Աջափնյակի բնակիչը պետք է վստահ լինի, որ, մտնելով վարչական շրջանի աշխատակազմ, կարող է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: Խոսելով նախորդ տարի կատարած աշխատանքների մասին՝ Արտավազդ Սարգսյանը նշել է, որ 2017թ. ընթացքում ամբողջությամբ ավարտվել են համայնքային ենթակայության մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքները, ինչի շնորհիվ այսօր հարմարավետ պայմաններ են ապահովված վարչական շրջանի բոլոր երաժշտական ու արվեստի դպրոցներում, գեղագիտական կենտրոններում ու գրադարաններում: Զեկուցվել է նաև, որ հետևողական աշխատանքներ են տարվել վարչական շրջանի մանկապարտեզների և դպրոցների նորոգման ու բակերի բարեկարգման ուղղությամբ: Որպես 2017թ. ձեռքբերում վարչական շրջանի ղեկավարն առանձնացրել է նաև Սիլիկյան թաղամասում անցկացված ոռոգման նոր ցանցը, որը թաղամասի բնակիչների համար տասնամյակների խնդիր է եղել: Արտավազդ Սարգսյանն իր զեկույցում նաև անդրադարձել է 2017թ. տարեվերջին 16-րդ թաղամասում վերսկսված բազմաբնակարան շենքերի գազիֆիկացմանը, որի շրջանակում ևս 5 շենքի 600 բնակարան կապահովվի բնական գազով: Որպես վարչական շրջանի ներդրումային գրավչության հավաստում՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը նշել է նախորդ տարի ավարտված հյուրանոցային երկու նոր համալիրների կառուցման աշխատանքները, որոնք, ըստ Արտավազդ Սարգսյանի, լրացուցիչ խթան կհանդիսանան մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման համար: Ներկայացնելով 2018թ. նախատեսված ծրագրերը՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ, համայնքային ծրագրով նախատեսված աշխատանքներից բացի, հետևողական քայլեր են ձեռնարկվելու նաև մասնավոր հատվածի հետ ակտիվ համագործակցության ու ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: «Պարոն քաղաքապետ, ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է նախորդ տարվա համեմատ հետևողականորեն ընդլայնել կատարվող ծրագրերի ծավալներն ու շրջանակները, ինչը որպես հստակ աշխատակարգ մշտապես առաջադրվում է Ձեր կողմից: Անշուշտ, կշարունակվեն ընթացիկ բոլոր ծրագրերը, որոնց զուգահեռ կիրականացվեն նաև վթարային շենքերի ամրացման ու 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչների վերաբնակեցման ու բազմաբնակարան նոր շենքի կառուցման ուղղություններով: Համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ էլ արդեն իսկ ունենք որոշակի պայմանավորվածություններ, որոնց շնորհիվ վարչական շրջանում կունենանք զգալի աշխուժացում», - նշել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Աջափնյակ վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը միտված աշխատանքների վրա. «Բնակիչների հետ ամենօրյա կապի ապահովումն ու ամրապնդումը մշտապես դիտարկեք որպես առաջնահերթություն: Աջափնյակի բնակիչը պետք է վստահ լինի, որ, մտնելով վարչական շրջանի աշխատակազմ, կարող է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխաններն ու, ըստ այդմ, համապատասխան աջակցություն՝ հնարավոր խնդիրների լուծման ուղղությամբ: Եթե անգամ կան խնդիրներ, որոնք մեր լիազորությունների շրջանակում չեն, ապա մեր թիմի յուրաքանչյուր անդամ պետք է կապող օղակ հանդիսանա բնակիչների ու մեր գործընկեր կառույցների միջև, որպեսզի մեր համաքաղաքացիներին հուզող հարցերը չմնան անպատասխան: Մենք մեր հետևողականությամբ ու հոգատարությամբ պետք է ապացուցենք մեր նվիրումը Երևանի ու երևանցիների հանդեպ», - նշել է քաղաքապետը: Անդրադառնալով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գործարար միջավայրի բարելավման՝ Doing Business վարկանիշի բարձրացումը: «Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում: Այս հարցում վարչական շրջանները նույնպես շատ անելիքներ ունեն: Դուք ևս ձեր հերթին մասնավոր հատվածին պետք է ներկայացնեք այն առաջնահերթությունները, որոնք պահանջված են բնակիչների կողմից ու կարող են հետաքրքրություն առաջացնել», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հանձնարարել ամենօրյա հետևողական աշխատանքներ տանել 2018թ. նախատեսված ծրագրերը ևս ամբողջությամբ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն Երևանի զարգացման ու քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի համար հարմարավետ միջավայրի ապահովման հարցում: Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել ձեռքբերումներով և անել հնարավորը՝ դրանք ավելացնելու համար:

Նմանատիպ նյութեր