5096 դիտում
02:09 12-11-2020
Հանրությունը պիտի ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները, միևնույն ժամանակ, խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել ՀՀ-ում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի․ «Իմ քայլը»
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մասին, որով նախատեսվում է Արցախի 7 շրջանները, ինչպես նաև այն բնակավայրերը, որոնք Ադրբեջանը գրավել է պատերազմի ընթացքում, թողնել Ադրբեջանի կազմում։ Խմբակցությունն անդրադարձել է նաև դժգոհության ալիքին ու ընդդիմության կազմակերպած ակցիաներին։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Գլուխ խոնարհելով արցախյան հերոսամարտում նահատակված զինվորականների, կամավորականների, մարտական գործողություններին մասնակցած անձանց փառավոր հիշատակի առաջ,
Խորը վշտով կիսելով նահատակվածների ընտանիքների, ընկերների և հարազատների ցավը,
Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում պատերազմական գործողություններին և զինադադարին հաջորդած ներքաղաքական իրադարձությունները՝
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է
- Պատերազմական գործողությունների ընթացիկ վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ հայ ժողովուրդը միասնական ջանքերով ըստ էության պատերազմել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի խոշորագույն զինված ուժերից մեկի, գերժամանակակից սպառազինություն և անսահմանափակ մարդկային ռեսուրս տիրապետող բանակի, վարձկան ահաբեկիչների և տարբեր պետություններից հավաքագրված հատուկ նշանակության զորամիավորումների դեմ,
- Քառասունհինգօրյա պատերազմում առաջնագծի ողջ երկայնքով գրանցվել են առանձնակի հերոսություններ, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կանխել թշնամու՝ հայության դեմ սանձազերծված ցեղասպանական ոճիրը,
- Պատերազմական գործողություններում բանակի թիկունքային ապահովմանը մասնակից է եղել համահայկական ողջ ներուժը,
- Արձանագրում ենք, որ պատերազմական գործողությունները տեղի են ունեցել անվտանգային մարտահրավերներով պայմանավորված խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններին զուգահեռ, ինչի պատճառով ձախողվեցին հրադադարի հաստատմանն ուղղված միջազգային բոլոր ջանքերը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների բազմակի փորձերը,
- Ստեղծված պատմաքաղաքական իրավիճակում հայտարարված պայմաններն ընդունելը միակ հնարավորությունն էր խուսափելու Արցախի ամբողջական կորստից և հազարավոր մարդկային զոհերից:
Իմ Քայլը խմբակցությունը վստահ է, որ հանրությունը պիտի ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Միևնույն ժամանակ, խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։
Միևնույն ժամանակ Ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին հայտնի հայտարարության իրավաչափությունը քննարկելուց առաջ առաջարկում ենք, որպեսզի ընդդիմությունը շատ հստակ ի լուր ողջ հայության և աշխարհի հայտարարի, որ իրենք.
1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2. Կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը:
Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը»:
Նմանատիպ նյութեր
3819 դիտում
21:23 05-06-2018
Ասկերանի դպրոցի աշակերտները խորհրդարանի նախագահից ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»