26491 դիտում
21:42 20-02-2018
ԵՊՀ-ում ուսանողական նոր կենտրոն է գործելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 20-ին, ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին և «Արցախի տուն» գիտակրթական և մշակութային ուսանողական կենտրոնի բացմանը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պրոռեկտորներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:
ԵՊՀ ռեկտորն իր խոսքում ասաց, որ այսօր ուրախալի օր է. «Ուղիղ 30 տարի առաջ մեր կյանքում տեղի ունեցավ բեկումնային շրջադարձ, որը կանխորոշեց մեր ժողովրդի և մեր անկախության գալիք ճանապարհը: Այս 30 տարիների ընթացքում մեր ժողովուրդը անցավ պայքարի, մաքառումների, կենսահաստատման մի փայլուն ճանապարհ, և այսօր մենք քաղում ենք Արցախյան գոյապայքարի նոր շրջանի պտուղները՝ նախևառաջ անկախ պետականության տեսքով: Մեր երկիրն այսօր անկախ է, ազատ: Ազատ է նաև Արցախը: Եվ մեր երկու հանրապետություններում մեծանում է սերունդ, որը ազատության ծնունդ է, որը պատրաստ է պայքարելու իր ազատության, իր երջանկության և սեփական ժողովրդի պայծառ ապագայի համար»:
Խոսելով ուսանողական նոր կենտրոնի մասին՝ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ դրա ստեղծումը վաղուց սպասված իրողություն է. «Այն մեր ուսանողական կառույցների և ուսանողական ղեկավար մարմինների՝ դեպի Արցախ ուղղորդման գործունեության պտուղն է: Տարիների ընթացքում համալսարանականները և առաջին հերթին մեր ուսանողները բազմիցս տարբեր առիթներով եղել են Արցախում, որի արդյունքում նրանք նոր հայացքով ու նոր փիլիսոփայությամբ են մոտենում մեր պայքարին, մեր անկախությանը և մեր ազատությանը: Ուզում եմ համալսարանի ղեկավարության անունից ողջունել այն ուսանողներին, ովքեր հղացան այս միտքը և ստեղծեցին «Արցախի տուն» կենտրոնը»:
Ուսանողական նոր կենտրոնի հիմնադիր Հայրապետ Նավասարդյանի հավաստմամբ՝ կենտրոնի նպատակն է Արցախը ներկայացնել ոչ թե որպես ռազմական հակամարտության գոտի, այլ նպաստել Արցախի մշակութային ժառանգության, գիտական և կրթական գործունեության ճանաչմանը:
«Կենտրոնն իրողություն դարձավ իմ ընկերների և ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի աջակցության շնորհիվ: «Արցախի տունն» իր կրթական գործառույթով կփորձի միավորել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և Սփյուռքի ուսանողությանը:
Կազմակերպելու ենք տարաբնույթ միջոցառումներ: Այսօր արդեն մեկնարկել է ադրբեջաներեն լեզվի ուսուցումը, որի նպատակը ազգային անվտանգության խնդիրների լուծմանն օժանդակելն է»,- մեզ հետ զրույցում փաստեց Հայրապետ Նավասարդյանը:
Ուսանողական նոր կենտրոնի հիմնադիրները ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ Հայրապետ Նավասարդյանը, Ռոմելա Գուլյանցը և Աննա Ցիցյանն են: Կենտրոնի խորհրդանիշը 3 նռներն են՝ Հայաստանը, Սփյուռքը և նրանց գրկում՝ Արցախը:
Նոր կենտրոնի բացման հանդիսավոր արարողության օրը պատահական չէր ընտրված: 30 տարի առաջ՝ հենց այս օրը, ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության, դիմել է ադրբեջանական ԽՍՀ, հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին (ԳԽ)՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար:
Արցախյան շարժման 30-ամյակին և նոր կենտրոնի բացմանը նվիրված միջոցառման հանդիսավոր արարողությունը կազմակերպվել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից, որի սաները հանդես եկան երգի, պարի կատարումներով, ինչպես նաև տարազների ցուցադրությամբ, որոնք տրամադրել էր «Տերյան» մշակութային կենտրոնը: Համերգային ծրագրի ընթացքում հանդես եկան նաև հայտնի երգչուհի Գայա Արզումանյանը և երգիչ Տիգրան Կարապետյանը:
«Արցախի տուն» կենտրոնի ծնունդը նշանավորվել էր նաև «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից տրամադրված գորգերի ցուցադրությամբ, որոնք զարդարել էին ԵՊՀ գրադարանի ճեմասրահը՝ ապահովելով մշակութային միջավայրը:
Միջոցառման ավարտին հանդիսավարներն աջակցության համար շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, նրա աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանին, ԵՊՀ մշակույթի կենտրոնին, «Տերյան» մշակութային կենտրոնին, «Մեգերյան կարպետ» ընկերությանը և «Մարաշլեան ռետրո ֆոտո ատելիե» ստուդիային:
Աղբյուրը՝ [url=http://www.ysu.am/news/hy/Artsakh-center-at-YSU]ysu.am[/url]
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
Նմանատիպ նյութեր
1249 դիտում
10:39 10-05-2024
ԵՊՀ-ում դասադուլ է․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Այս բաժնից
1783 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)