211652_close_icon
views-count4007 դիտում article-date 20:47 23-10-2019

Ապրիլյան քառօրյայի մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը կմատուցվի անվճար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով, իսկ այլ բուհերի՝ մարտերին մասնակից ուսանողներին՝ 30 % զեղչով: ԵՊՀ ուսանողներ Գևորգ Մանուկյանը, Շուլի Հակոբյանը և Ռաֆայել Հովհաննիսյանն Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ են: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Գևորգ Մանուկյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիության» մեդալով, Շուլի Հակոբյանը՝ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով: Զորացրվելուց հետո հերոսները վերադարձել են ԵՊՀ՝ այստեղ շարունակելու կրթությունը և որակյալ մասնագետ դառնալու: Նրանց խոսքով, ԵՊՀ-ում մշտապես աջակցել են իրենց և ամեն ինչ արել՝ նպաստելու ուսումնառության արդյունավետ կազմակերպմանը: Մեզ հետ զրույցում Գևորգ Մանուկյանը, որը զորացրվելուց հետո որոշել է կիսատ թողնել ուսումը Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում և ընդունվել Իրավագիտության ֆակուլտետ, ասաց, որ ի թիվս այլ օգնությունների՝ ԵՊՀ-ում լուծել են նաև իրենց կեցության խնդիրը: «Դեռևս անցած տարվա փետրվարից ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի նախաձեռնությամբ և Արամ Սիմոնյանի աջակցությամբ՝ ես և ընկերներս՝ Շուլին և Ռաֆայելը, անվճար հիմունքներով բնակվել ենք ԵՊՀ ուսանողական հանրակացարանում»,- ասաց Գևորգ Մանուկյանը: Նրա փոխանցմամբ, հանրակացարանի վերանորոգումից հետո էլ ուսումնական այս տարվա սկզբից իրենք շարունակում են անվճար հիմունքներով բնակվել հանրակացարանում. «Կեցության համար ստեղծված են լավ պայմաններ: Բացի դրանից՝ ուսանողական միջավայրն էլ նպաստում է, որ դասերն ավելի լավ մթնոլորտում սովորենք»: ԵՊՀ ուսանողական հանրակացարանի պարետ Հրաչ Չոբանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դեռևս ուսումնական անցած կիսամյակում Ապրիլյան քառօրյա պատերազմի շքանշանակիրներն անվճար հիմունքներով են բնակվել հանրակացարանում: Հրաչ Չոբանյանը հայտնեց նաև, որ վերանորոգումից հետո ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ այժմ պատերազմին մասնակից բոլոր ուսանողներին է հնարավորություն տրվում անվճար հիմունքներով բնակվելու ուսանողական հանրակացարանում: Հիշեցնենք, որ ըստ հրամանի՝ սահմանվում է, որ Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով, իսկ այլ բուհերի՝ մարտերին մասնակից ուսանողներին՝ 30 % զեղչով: Հրաչ Չոբանյանը փաստեց, որ այս պահի դրությամբ կեցության ծառայություն է մատուցվում Ապրիլյան քառօրյա պատերազմի 7 ուսանողների, որոնց թվում են նաև շքանշանակիրները. «Կեցությունն այստեղ են կազմակերպում նաև ԵՊՀ ուսանողներ Մանուել և Սամվել Մանուկյանները, Ալեքս Շահնազարյանն ու Գեղամ Առաքելյանը»: Մեզ հետ զրույցում Ալեքս Շահնազարյանը, որը սովորում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում, ասաց, որ ծնունդով Շամշադինից է և զորացրվելուց հետո Երևանում ուսում ստանալու համար մինչ այժմ վարձակալությամբ էր բնակվում. «Հրամանի մասին տեղեկացա կայքից, ոգևորվեցի և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրի ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին: Ինձ արդեն տրամադրվել է սենյակ, շուտով վերջնական կտեղափոխվեմ»: Ալեքս Շահնազարյանի փոխանցմամբ, ԵՊՀ ուսանողական հանրակացարանի պայմանները շատ լավն են և հարմարավետ. «Հրաշալի նախաձեռնություն է: Ուրախ եմ, որ ԵՊՀ-ն ոչ միայն որակյալ կրթություն է տրամադրում, այլև լուծում ուսանողների սոցիալական խնդիրները»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր