5156 դիտում
22:26 23-02-2018
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանի կարծիքը Մ. Սահակաշվիլու մասին
Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, մշակույթի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆԻ արձագանքը պ.գ.թ. Վահե Սարգսյանի «Մ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ» հրապարակախոսական ակնարկին
Սիրելի Վահե,
Կներես, որ նոր եմ միայն կարդացել և պատասխանում քո հրապարակախոսությանը: Կեցցես: Սթափ և տեղին է քո խոսքը: Այո, այլևս արդեն փաստ է, և պետք չէ ջայլամային քաղաքականություն վարել, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զգալիորեն սրվել են հայ-վրացական հարաբերությունները՝ ժողովրդի գիտակցությունը մթագնելու առումով: Այսպես կոչված վրաց ազգայնականները չեն էլ թաքցնում իրենց հակահայկական տրամադրությունները, գոնե մամուլում դա համատարած է: Հակահայկական քարոզչությունը մթագնում և ուղղորդում է երիտասարդությանը, դաստիարակում մեր նկատմամբ անվստահություն, եթե չասենք թշնամաբար տրամադրված սերունդ:
Իրողություն է նաև, որ եղբայրական Վրաստանում քեֆ են անում թուրքերը և նրանց կրտսեր եղբայր ադրբեջանցիները, մինչդեռ բնական դաշնակիցները՝ հայերը ճնշված են, ապրում են վախի ու հալածանքի մթնոլորտում:
Ախալցխան 1918-1920 թթ. թուրքական ջարդերից ու բռնազավթումից պաշտպանեցին հիմնականում հայերը, հիշենք քաղաքագլուխ, ժողովրդի կողմից փառաբանված Զորի Զորյանին, մինչդեռ քաղաքի թանգարանում այդ մասին չկա որևէ ցուցադրություն, չի հնչում գեթ մի նախադասություն: Վերականգնված բերդը ձեռք է բերել թուրքական կերպար: Հայկական և ռուսական շերտ այնտեղ չի ցուցադրվում, իսկ ջարդոտած խաչքարերը և հայերեն արձանագրությունները կուտակված են մի անկյունում, որտեղ տեղաբնակ հայերը վախենում են նույնիսկ մոտենալ. հանկարծ վրացիները չտեսնեն, այլապես մեծ խնդիրների առաջ կկանգնեն: Թանգարանի պատերին ամենուր քարտեզներ են, որտեղ Հայաստանը՝ ներառյալ Կարինը և Վանը, վրացական տարածքներ են: Հսկայական միջոցներ են տրամադրվել Ախալցխայի բերդ-թանգարանի կառուցման համար: Այն վերականգնվել է Սահակաշվիլու օրոք և նրա նախաձեռնությամբ:
Նույնիսկ ժայռի վրա կառուցված Ախալցխայի Վարդանանց եկեղեցու հիմքերը համարում են վրացական, այսինքն վրացական է ժա՞յռը, թե՞ մտացածին վրացական եկեղեցու հիմքերը բնական ժայռի տակ են: Զավեշտ է, բայց փաստ: Եվ փաստերը բազմաթիվ են:
Հենց Սահակաշվիլու օրոք արգելվեց հայկական գյուղերում հողերի սեփականաշնորհումը, հազար ու մի խոչնդոտ է ստեղծվում, որպեսզի Սամցխե-Ջավախքում ծնված հայորդիները չկարողանան գրանցվել և անշարժ գույք ձեռք բերել իրենց ծննդավայրում:
Ես հայ-վրացական բարեկամության ջագատովներից եմ: Սակայն եղբայրությունը պետք է հիմնվի ազնվության և փոխադարձ հարգանքի վրա: Գիտեմ նաև, որ հակահայկական քարոզչություն հրահրողների մեծ մասը վրացացած, ժողովրդի լեզվով ասած «շուռ տված» հայերն են: Իսկական վրացիները, հատկապես մտավորականները միանգամայն այլ մտածելակերպ ունեն, հասկանում են, որ առանց հայերի Վրաստանը չունի ապագա: Որ մենք անցել ենք հազարամյա ուղի, հաճախ լինելով դաշնակիցներ: Որ Վրաստանը ծաղկել է, երբ բարձր մակարդակի վրա են եղել հայ-վրացական հարաբերությունները: Ես ողջունում եմ նման մտածելակերպ ունեցող իմ բարեկամներին և ցանկանում եմ այդ հիանալի երկրի ծաղկումը: Դա բխում է նաև Հայաստանի շահերից:
Սահակաշվիլին լա՞վ գործ է արել իր երկրի համար: Թող դա որոշեն Վրաստանի քաղաքացիները: Մենք հարցին պետք է նայենք մեր ազգային տեսակետից: Եվ չմոռանանք, թե ինչպես էր Սահակաշվիլին ընդդիմանում, որպեսզի Վրաստանում հանկարծ Ադրբեջանի շահերին չհամընկնող որևէ որոշում չկայացվի, չբացվի ՀՀ-ից Ռուսաստան տանող երկաթուղին: Եվ վերջապես մեր երկրների երկուստեք նպաստավոր ցանկացած որոշման արմատական ընդիմությունը այսօր էլ Սահակաշվիլու կուսակցությունն է:
Քարոզել այդ մարդուն Հայաստանում անընդունելի է:
[b]ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1056 դիտում
10:30 31-08-2015
Նախագահը շնորհավորել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանին՝ հոբելյանի առթիվ
1987 դիտում
11:42 23-09-2015
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին
1139 դիտում
20:00 09-02-2016
Բնակարան` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցուն
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
721 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»