211652_close_icon
views-count3982 դիտում article-date 10:40 02-03-2018

Անկառավարելի վիճակ է ավագ դպրոցում. դրամահավաքություն, զանգվածային բացակայություններ. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանում մոտ 30 աշակերտի փոխարեն դպրոց են հաճախում ընդամենը 3 կամ 4 աշակերտ, սակայն դասամատյանում բացականեր չեն դրվում: Այս կրթօջախում աշակերտների բացակայությանը զուգահեռ բարձր են նաև դրամահավաքության տեմպերը: Այստեղ մարտի 8-ին ընդառաջ 8000-ական դրամ են հավաքում, և մեզ հասած տեղեկությունների համաձայն, 4000 դրամը՝ տնօրենին նվեր գնելու համար: Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ դպրոցի տնօրենից, սակայն ոչ մի կերպ դա մեզ չհաջողվեց: Ինչպես պարզվեց, նույն ահազանգի հետքերով փետրվարի 28-ին դպրոց էին այցելել ԿԳՆ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ դպրոցի տնօրինությունը այդ օրը «բերման» էր ենթարկել 12-րդցիներին և դրամահավաքության մասով փորձել էր այլ բացատրություններ տալ: Մենք փորձեցինք ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանից, որը «ՉԻ» հետ զրույցում հաստատեց, որ իրոք իրենց աշխատակիցները ահազանգի հետքերով եղել են Էջմիածնի թիվ 2 դպրոցում և հաշվետվություն են պատրաստում ԿԳ նախարարություն ներկայացնելու համար: «Իսկ ինչու են զգուշացրել իրենց այցելության մասին», «ՉԻ» հարցին, տեսչության ղեկավարը պատասխանեց. «Մենք ուղղակի տեղեկացրել ենք, կարգն այդպիսին է»: Նկատենք, որ հյուր գնալիս տանտիրոջը տեղեկացնելը մտնում է քաղաքավարության կանոնների մեջ, բայց եթե պետք է ստուգել, թե ինչու են մի ամբողջ տարի բացակայում դպրոցի ավարտական դասարանի աշակերտները, այդ մասին տեղեկացնելը ուղղակի տրամաբանությունից դուրս է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր