211652_close_icon
views-count2171 դիտում article-date 21:58 06-03-2018

Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Մարտի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԴ-ում, համատեղության կարգով՝ Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդիսին: Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-կիպրական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը, գերակա խնդիրներն ու անելիքները: Կիպրոսի դեսպանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ զրույցի համար և նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է: «Կիպրոսում հայկական կազմակերպված համայնք կա, որի ներկայությունը շատ կարևոր է երկրի կայունության պահպանման համար: Հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի քաղաքական, տնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում», - հավելեց դեսպանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 2018 թվականը Հայաստանի համար շատ կարևոր հոբելյանական տարի է. նշվելու են Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100, Երևանի 2800 ամյակները, և վստահություն հայտնեց, որ միջոցառումներ, ցուցահանդեսներ կկազմակերպվեն նաև Կիպրոսում:

Նմանատիպ նյութեր