211652_close_icon
views-count24779 դիտում article-date 19:24 07-03-2018

Նախագահը Կանանց տոնի կապակցությամբ պարգևատրել է արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կանանց տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների: Հանրապետության Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ: Նախագահը նաև պետական բարձր պարգևներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգևատրելուց բացի, խրախուսել է դրամական պարգևով: «Սիրելի՛ պարգևատրվածներ, Սիրելի՛ տիկնայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ և իհարկե վաղվա տոնի առիթով, որ տևելու է մեկ ամբողջ ամիս, այնուհետև ողջ տարին՝ ընդհուպ մինչև հաջորդ տարվա մարտի 8-ը: Որևէ հասարակության ժամանակակից և կայացած լինելու մասին հնարավոր է խոսել դրանում կանանց ունեցած դերակատարության համատեքստում: Եթե տվյալ հասարակության մեջ կանայք լուրջ դերակատարներ չեն, ապա այդ հասարակությունը երբեք չի կարող կոչվել արդի, ժամանակակից: Մեր անցած պատմական ճանապարհը և հենց այդ պատմական փորձը մեզ հուշում են, պարտադրում են, որ այսօր էլ կանայք էական դերակատարություն ունենան: Մեր հասարակության մեջ նրանք ունեն այդ դերակատարությունը: Իհարկե, կցանկանայի ասել՝ լայն դերակատարություն, լայն ներգրավվածություն ունեն, բայց այդ աշխատանքը մեր ապագա աշխատանքների մի մասն է: Ես խորապես համոզված եմ, որ ամեն տարի, ամեն ընտրություններից հետո՝ լինեն դրանք տեղական ինքնակառավարման մարմինների, թե համապետական ընտրություններ, կանայք ամեն անգամ և՛ ակտիվորեն պետք է մասնակցեն, և՛ նրանց դերակատարությունը, անշուշտ, պետք է ավելանա: Բայց այստեղ մի հանգամանք կա՝ կանայք դա պետք է ցանկանան: Շատ դեպքերում կանայք չեն ցանկանում հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվել: Դա, միգուցե, ողջ հասարակության մեղքն է, միգուցե տղամարդկանց խնդիրն է: Այնուհանդերձ, ես միշտ կոչ եմ արել և կոչ եմ անելու, որպեսզի կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի շինարարությանը: Դա չափազանց կարևոր է: Եվ չնայած խոսքերս չկարողացա լիարժեքորեն ասել այն առումով, որ շատ մեծ ներգրավվածություն չկա, սակայն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք՝ տարեցտարի կանայք ներկայացվում են մեր պետական կառավարման բոլոր մակարդակներում, և չկա հանրապետությունում մի ոլորտ, որտեղ կանայք ներկայացված չլինեն: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեզ և՛ պարգևների, և՛ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ դուք մշտապես լինեք կանացի, մեզ բոլորիս՝ և՛ հասարակությանը, և՛ տղամարդկանց, պարգևեք ջերմություն, ոգևորություն, իհարկե նաև՝ սթափություն: Սա շատ կարևոր հանգամանք է: Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ»,- ասել է Նախագահ Սարգսյանը: Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել արարողությանը մասնակցող կանանց հետ: Նախագահն առաջարկել է նրանց ներկայացնել իրենց տեսակետները, նկատողությունները, առաջարկությունները և պետության կողմից կանանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում և պետական կառավարման համակարգում ավելի մեծացնելու, ներգրավվածությունը խրախուսելու ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր