2894 դիտում
15:29 14-03-2018
«Մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր, որի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել». ՀՀ վարչապետը՝ Լիբանանի հայ համայնքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել և նաև մի երկու խոսքով ասել՝ ոնց ենք պատկերացնում մենք մեր երկրի վաղվա օրը:
Նախ և առաջ մենք շատ բաց սրտով և շատ առարկայական օրակարգով էինք եկել Լիբանան: Մեր շնորհակալությունն ենք հայտնել և արձանագրել ենք, որ ունենք իրականում բարեկամական, երկար պատմություն ունեցող շատ լավ հարաբերություններ, որ վերջին 25 տարվա՝ Հայաստանի անկախության տարիների ընթացքում մեր քաղաքական շփումները շատ բարձր մակարդակի վրա են: Միևնույն ժամանակ ֆիքսել ենք, որ մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը չափազանց հեռու է այն ներուժից, որը մեր երկու երկրներն ունեն: Բոլոր հանդիպումների ժամանակ յուրահատուկ նշել ենք մեր հայրենակիցների, մեր համայնքի, մեր քույրերի և եղբայրների դերը, մեծագույն, կրիտիկական դերը, որն իրականում ձևավորում է այսօրվա հայ-լիբանանյան հարաբերությունները: Եվ նույնիսկ նման համեմատություն ենք արել, որ մեր համայնքը, մեր հայրենակիցները՝ լինելով նվիրյալ և պարտաճանաչ քաղաքացիներ Լիբանանում, իրենց կապը Հայաստան հայրենիքի հետ չեն խզում և ինչ-որ առումով դուք էլ եք մեր դեսպանները Լիբանանում և Լիբանանի դեսպաններն են հայկական աշխարհում և Հայաստանում:
Մենք ներկայացրել ենք այն ծրագրերը, որոնցով հնարավոր է գործարար աշխարհը ներգրավել Հայաստան: Մենք մասամբ պատմել ենք այն ծրագրերի մասին, որոնք այսօր իրագործում ենք: Մենք բարեփոխումներ ենք սկսել բառացիորեն բոլոր ոլորտներում՝ կառավարման համակարգ, հարկային, մաքսային, հակակոռուպցիոն, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ, գյուղատնտեսություն, դատական համակարգ, սնանկացման գործընթաց և այլն: Մեր արտաքին քաղաքականության շնորհիվ մենք Հայաստանում կարողացել ենք ապահովել շատ հետաքրքիր մի հարթակ, որտեղ կարողացել ենք համատեղել գուցե անհամատեղելին. նկատի ունեմ Եվրասիական միությանը մեր անդամակցությունը, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները և բազմաթիվ այլ երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան, Շվեյցարիան, արտոնյալ առևտրային ռեժիմները: Դա հնարավորություն է տալիս, տեղակայվելով Հայաստանում, ունենալով ձեռնարկություն, բիզնես Հայաստանում, մտնել շատ ավելի մեծ շուկաներ: Մենք տեղեկացրել ենք նաև, թե այս բարեփոխումների ընթացքում, տնտեսության աշխուժացման ընթացքում ինչ արդյունքներ ենք ունեցել 2017 թվականին: Մենք անցած տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Ասեմ, որ այդ թիվն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ մոտ 2 անգամ, ամենաբարձրն է Եվրասիական միության, ԱՊՀ երկրների հետ համեմատ, երբ աշխարհով մեկ միջին տնտեսական աճը գնահատվում է 3-3.1 տոկոս: Անցած տարի մենք ունեցել ենք արտահանման աճ՝ 25.2 տոկոս, արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, ներմուծման աճ, արտաքին առևտրաշրջանառության աճ:
Մակրոտնտեսական առումով մենք իրականում ապահովել ենք թվեր, որոնք այսօրվա իրավիճակի մեջ լավագույնն են, լավագույններից են: Բայց դրանք դեռ բավարար չեն, որպեսզի բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև՝ սոցիալական և այլն, միանգամից լուծենք: Այն տնտեսական քաղաքականությունը, որը մեր կառավարությունն այսօր վարում է, ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Վստահ ենք, որ մոտակա 3-4 տարում մենք ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, և այն բարեփոխումները, որոնք ես մասամբ ներկայացրեցի, լինելու են շարունակական:
Բայց ամենամեծ սպասելիքը կամ մեր պատրաստակամությունը, անելիքը, որ ունենք, հետևյալն է. ամբողջ աշխարհը կանգնած է շատ հետաքրքիր մարտահրավերների առջև: Մարտահրավերներից հիմնականը ես կընդգծեի հետևյալները. կարճ հեռանկարով կառավարոմը, ընտրովի պաշտոնը, հեռուստաէկրանի առջև ռեգուլյար հաշվետվություն տալը և պոպուլիզմը բերել են նրան, որ կառավարելիությունը դարձել է շատ կարճ ժամանակահատվածի համար, և այն, ինչը կարճ ժամանակահատվածի համար հաճելի է կամ ցանկալի, փաստ չէ, որ երկարատև լավն է: Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տնտեսագիտությունը և կառավարման գիտությունը չեն հասցնում այդ ամենի հետևից ընկնել:
Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք՝ նշված 3-4 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ և տնտեսական կարճատև հաղթանակներ՝ երկարատև ռեֆորմներ պետք է անենք, որով կապահովենք մեր երկրի շատ կայուն, երկարատև աճը: Ավելի քան համոզված եմ, որ մենք ունենք մեծ ներուժ՝ ի դեմս ձեզ՝ մեր հայրենակիցների: Ես չգիտեմ որևէ հայ գործչի կամ որոշում կայացնող մարդու, ով դա չի ֆիքսում, և դա անում է անկեղծ: Բայց պետք է ֆիքսենք, որ մենք այդ ներուժն օգտագործում ենք ոչ այնքան լավ, որքան կարող ենք: Հայաստանի Հանրապետության բնակչությունը, մեր երիտասարդները շատ մեծ կարիք ունեն շփվելու արժանավոր մարդկանց, ուղի անցած մարդկանց հետ, որպեսզի նրանց աշխարհայացքը փոխանցվի իրենց: Այդ իսկ առումով մեր հայրենակիցները, մեր համայնքները չափազանց կարևոր են, որպեսզի գիտնականը հանդիպի ուսանողի հետ, մշակույթի գործիչը, հոգևոր հայրը, ինժեները, ուսուցիչը, բիզնեսմենը:
Մյուս կողմից, ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ներքուստ հայ է զգում, չի կարող առանց Հայաստանի ապրել՝ անկախ նրանից, թե ինքն ինչքան ֆինանսապես անկախ է, ինչքան կայացած է, այդ երկրում ինչ սոցիալական կարգավիճակ ունի և ինչ դռներ կարող է բացել, եթե ինքն իրեն հայ է զգում, իր ներքին աշխարհը և հարմոնիան շատ խիստ կապված է նրա հետ, թե ինչպիսին է Հայաստանը: Ցանկանում եմ ձեզ դիմել հետևյալ առաջարկով. վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել: Անպատճառ ուշադրություն դարձրե´ք Հայաստանի վրա, ստեղծե´ք ձեր համար մի անկյուն, նավահանգիստ, մի բան, որը ձեզ վստահություն է տալու: Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում և նաև ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը և վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1242 դիտում
15:54 28-12-2018
Ձեզնից յուրաքանչյուրը մեծ ապագա ունի. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ երեխաների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար