211652_close_icon
views-count4965 դիտում article-date 14:43 16-03-2018

Էստոնիայում Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 14-ին Էստոնիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կազմակերպմամբ Էստոնիայի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին Էստոնիայի պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Բացման խոսքում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնավորապես նշեց. «Ցուցահանդեսի նպատակն է օտար քարտեզագիրների միջոցով ներկայացնել հայոց հազարամյա պատմության ընթացքը: Քարտեզներում ներկայացված են հայոց պատմության ինչպես անկման, այնպես էլ` վերելքի ժամանակաշրջանները»: Դատապարտելով հայոց պատմության նկատմամաբ ոտնձգության փորձերը` դեսպանը հավելեց, որ թե Հայոց ցեղասպանության ժխտողականության, թե Երևանը որպես ոչ-հայկական տարածք ներկայացնելու անմիտ փորձերի ակունքը նույնն է՝ հայատյացությունը, որի սերմանումը սկսվում է մանկապարտեզներում և դպրոցներում: Դեսպան Մկրտչյանը նաև նշեց, որ ընդամենը հարյուր տարի առաջ քաղաքական քարտեզի վրա հայտնված պետությունն արդեն մի քանի տասնամյակներ շարունակ փորձում է կեղծ գիտական ագրեսիա կիրառել հայոց պատմության նկատմամբ, ինչն ամենուր և մշտապես պետք է արժանանա դատապարտման: Տալլինի ազգային գրադարանի տնօրեն Յանե Անդրեսոնն իր խոսքում նշեց. «Առիթն օգտագործելով, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ. հրաշալի գաղափար է՝ նշելու Հայաստանի համար պատմական և արժանահիշատակ այս իրադարձությունը՝ ներկայացնելով երկրի տարածքային զարգացումները դարերի ընթացքում: Քարտեզագրական նման նյութի ցուցադրությունը վկայում է, որ արագ փոփոխվող ժամանակներում մշակութային ժառանգության արժեքավոր մասը պահպանվել է»: Քարտեզները ներկայացնող Ռուբեն Գալիչյանն ասաց. «Ողջ աշխարհի գրադարաններում և թանգարաններում պահպանվող պատմական քարտեզների 40 տարվա իմ հետազոտության արդյունքում Հայաստանը պատմության տարբեր ժամանակաշրջաններում ներկայացվում է շուրջ 60 քարտեզների միջոցով: Իհարկե, հնարավոր չէ պատմությունը լիարժեք կերպով ներկայացնել բացառապես քարտեզներով. միևնույն ժամանակ, մի հայացք նետելով, երկրի պատմությունը պատկերավոր ընկալելու հնարավորություն է ստեղծվում»: Միջոցառման բացմանը հաջորդեց ազգային, ժողովրդական երգացանկ ներկայացնող հայ համայնքի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը: Ցուցահանդեսը, որն անց է կացվում Էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնիայի հայերի միության աջակցությամբ, բաց է լինելու մինչև ապրիլի 4-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր