211652_close_icon
views-count2520 դիտում article-date 17:45 16-03-2018

Տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքներին նվիրված խորհրդակցություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հերթական փուլի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն, որը վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ու Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավար և ինժեներական անձնակազմը: Քննարկվել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Մասնավորապես քննարկվել են տուրբինային և ռեակտորային արտադրամասերում նախատեսված շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքների սահմանված ժամկետներում ավարտի ապահովման հնարավոր ռիսկերը: Այդ թվում՝ անհրաժեշտ սարքավորումների և նյութերի մեծածավալ մատակարարումների ընթացքը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ: Նշենք, որ մարտի 28-ին Մեծամորում կանցկացվի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի հայ-ռուսական համատեղ համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների, ինչպես նաև 2018թ. ապրիլի 14-ից մեկնարկող պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական միջոցառումների ընթացքը: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր