Էրդողանը Արևմուտքի երկրներին ագրեսոր է համարել
Սիրիական ճգնաժամի շուրջ Արևմուտքի բոլոր գործողությունները ընդհանրապես ուղված չեն այդ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ընդհակառակը, արևմտյան երկրները ձգտում են Մերձավոր Արևելքի այդ հատվածը իրենց կողմից վերահսկելի տարածք դարձնել: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Հենց Արևմուտքն է իր ամբողջ պատմության ընթացքում այս տաարածքում իրեն բազմիցս դրսևորել որպես զավթիչ և ագրեսոր», ասել է թուրքական առաջնորդը:
Էրդողանի խոսքերով, միայն իր երկիրն է ի վիճակի կարգ ու կանոն հաստատել տարածաշրջանում: «Հենց այդ պատճառով էլ Թալ-Ռիֆատից մինչև Ռեսուլայն ընկած սիրիական շրջանների բնակչությունը հանդես է գալիս Թուրքիայի միջամտության օգտին:
Մեր քաղաքականությունն ու մեր գործողությունները մարդկանց գիտակցության մեջ ընկալվում են անվտանգության, խաղաղության, հանդարտության և կարգ ու կանոնի հետ», ասել է Էրդողանը:
Նշենք, որ պաշտոնական Դամասկոսը բազմիցս Անկարային մեղադրել է սիրիական տարածքի մի մասի միտումնավոր օկուպացիայի մեջ: