4266 դիտում
13:35 26-03-2018
Քննարկում ՃՈ-ում․ դպրոցներում կավելացվեն ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ դասընթացները. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1-ից 4-րդ դասարանի աշակերտների՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքները հարստացնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ։ Մշակվել էր հանրկրթական հաստատություններում երթևեկության կանոններն ուսուցանելու նախագիծ, որը այս տարվա փետրվարի 8-ին կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվեց։
Հերթը նախագիծը կյանքի կոչելունն է։ Այս նպատակով էլ մարտի 21-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ ծառայության ղեկավար Եգոր Կարապետյանի գլխավորությամբ։ Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության ու կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ։
Ճանապարհային ոստիկանության պետը նախ ներկայացրեց 2016 և 17 թվականների վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ 2016-ին անչափահասների մասնակցությամբ տեղի է ունեցել 158 վրաերթ, 6 երեխա զոհվել է, 156-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 2017-ին արձանագրվել է անչափահասների մասնակցությամբ 177 վրաերթ, 2 երեխա է զոհվել, 150-ից ավելի էլ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածենր։ Վերլուծությունը փաստել է, որ վրաերթերի 70 տոկոսը տեղի է ունեցել հետիոտնի մեղավորությամբ՝ անչափահասները հիմնականում ճանապարհն անցել են չթույլատրվող հատվածով։
Եգոր Կարապետյանը ներկայացրեց նաև անչափահասների մասնակցությամբ պատահարները նվազագույնի հասցնելու ուղղությամբ ճանապարհային ոստիկանության նախաձեռնած մի շարք միջոցառումներ, որոնք դրական արդյունք են տվել։ Ճանապարհային ոստիկանության պետի համոզմամբ՝ նոր նախաձեռնությունը ևս արդյունավետ է լինելու։ Կթության և գիտության նախարարության աշխատակիցները ներկայացրին երթևեկության կանոնների դասավանդման վերաբերյալ իրենց մոտեցումները։ Նախատեսվում է սկսել մայրաքաղաքի դպրոցներից։ Քննարկվեց դասավանդման ձևաչափը․ Նախապես ճանապարհային ոստիկանության ծառայողները դասընթացներ կանցկացնեն ուսուցիչների հետ, որոնք ստացած գիտելիքները կփոխանցեն աշակերտներին։
Հարկ եղած դեպքում ուսուցիչները պրակտիկ գիտելիքներ կստանան նաև ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժինների ավտոդրոմներում։ ճանապարհային ոստիկանները հենց խաչմերուկներում աշակերտներին կսովորեցնեն՝ ինչպես անվտանգ անցնել փողոցը, որ իրավիճակում ինչ անել, նաև կանցկացնեն գործնական պարապմունքներ։ Կողմերը հույս հայտնեցին, որ նախապատրաստական աշխատանքներն ու առկա խնդիրները մինչև նոր ուսումնական տարվա սկիզը կհաղթահարվեն և արդեն սեպտեմբերի 1-ից ծրագիրը կմեկնարկի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+