4106 դիտում
17:18 28-03-2018
Արցախում տոհմային խոզաբուծարան կկառուցվի. Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, գյուղոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, մարտի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսական ընթացիկ հարցերի վերաբերյալ:
Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Նա ներկայացրել է աշնանացան ցանքատարածքների ընթացիկ վիճակը, ինչպես նաև մկնանման կրծողների դեմ պայքարի և հրդեհների կանխարգելման ուղղությամբ կատարված նախապատրաստական աշխատանքները: Գյուղնախարարը, մասնավորապես, նշել է, որ հերբիցիդների անհրաժեշտ քանակի ներկրման գործընթացը սկսված է, և ավարտվել են դրանց համար նախատեսված տարածքների հաշվառման և քարտեզագրման աշխատանքները: Ժ. Միրզոյանը հավելել է, որ գարնանացան աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի:
Հարցի կապակցությամբ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Աշոտ Բախշիյանը նշել է, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ գարնանացան մշակաբույսերի սերմերի ներկրման հետ կապված խնդիրներ չկան, և, հողօգտագործողների կողմից ներկայացված հայտերի հիման վրա, դրանց տրամադրման գործընթացը սկսված է:
Ա. Հարությունյանը լրացուցիչ պարզաբանումներ է ստացել նաև վարչակազմերի ղեկավարներից՝ տեղերում կատարվող աշխատանքների և առկա խնդիրների մասին:
Բավարար գնահատելով ընթացիկ աշխատանքների մակարդակը՝ Ա. Հարությունյանը նշել է, որ պետք է հետևողական լինել, որ դաշտերում իրականացվող միջոցառումները կատարվեն ագրոկանոններին համապատասխան:
«Վերահսկողությունը տեղերում պետք է շատ խիստ լինի, քանի որ բարձր բերքատվությունը պայմանավորված է լինելու մշակաբույսերի գրագետ մշակությամբ: Բացի դրանից, շատ կարևոր է մշակաբույսի ցանքսից առաջ գնահատել տեղանքի ոռոգման հնարավորություններն ու գոտիների նպատակահարմարությունը»,- ասել է Ա. Հարությունյանը և հորդորել շրջվարչակազմերի ղեկավարներին գյուղնախարարության մասնագետների միջոցով հողօգտագործողների հետ խորհրդատվություններ կազմակերպել:
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը խոսել է նաև պետական նոր ծրագրերի մասին, որոնք նախատեսվում են իրականացնել անասնապահության զարգացմանը խթանելու համար: Առաջին նախագիծը վերաբերում է խոզաբուծության զարգացմանը: Այդ նպատակով, Ասկերանի շրջանում առաջիկայում կսկսվեն նոր տոհմային խոզաբուծարանի կառուցման աշխատանքները: Ա. Հարությունյանի խոսքով՝ այն կունենա երկու մասնաբաժին. առաջին հատվածում կբուծվեն գոճիներ՝ ֆերմերներին տրամադրելու նպատակով, իսկ երկրորդ հատվածը կծառայի մսի արտադրության համար:
«Անընդունելի է ունենալ գարու և ոչ պարենային ցորենի մեծ ավելցուկ և, դրան զուգահեռ, բախվել մսի առաջարկի խնդրին: Արցախը մսի արտահանման մեծ ներուժ ունի, և առաջիկա տարիներին դա պետք է դառնա ոլորտում իրականացվող մեր հիմնական քաղաքականությունը: Այդ նպատակով, բացի խոզաբուծության ներկայացված ծրագրից, կոնկրետ աշխատանքներ ենք տանում նաև բարձրորակ ցեղատեսակի երինջների և ոչխարների մեծ քանակի ներկրման և դրանք ֆերմերներին տրամադրելու ուղղությամբ»,- նշել է պետական նախարարը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նոր այգիների հիմնման, ոռոգման կաթիլային համակարգերի տրամադրման, արտեզյան ջրհորների հորատման հետ կապված ընթացիկ հարցեր:
-[b]-
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1460 դիտում
14:03 26-09-2015
Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ աշնանացանի և բերքի տոնի կազմակերպման վերաբերյալ
977 դիտում
19:45 30-12-2022
Արայիկ Հարությունյանն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Այս բաժնից
487 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց