Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ աշնանացանի և բերքի տոնի կազմակերպման վերաբերյալ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին, գյուղատնտեսության և այլ ոլորտների պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված աշնանացանի ցանքսի և Բերքի տոնի կազմակերպման աշխատանքներին:
Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ պատասխանատուների կողմից զեկուցումների ներկայացումից հետո՝ խորհրդակցության մասնակիցները քննարկել են պետական աջակցության ծրագրերը: Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, պահանջել է խիստ վերահսկողություն սահմանել դիզվառելիքի հատկացման վրա, քանի որ փորձը ցույց է տվել, որ հողամշակների ընդամենը մի մասն է այն նպատակային օգտագործում: «Պետական աջակցությունը որոշ տնտեսվարողների կողմից հաճախ չարաշահվում է, և հերկ կամ ցանքս կատարելու փոխարեն այն օգտագործվում է այլ նպատակներով»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է բացառել նման դեպքերը:
Այնուհետև Ա. Հարությունյանն անդրադարձել է հոկտեմբերի 11-ին կայանալիք Բերքի տոնի նախապատրաստական աշխատանքներին և այդ առթիվ շրջվարչակազմերի ղեկավարներին տվել համապատասխան հանձնարարականներ:
Խորհրդակցությանը մասնակցում էր ԱՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին