211652_close_icon
views-count2917 դիտում article-date 22:17 29-03-2018

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն

Այսօր՝ մարտի 29-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը, որի կազմում էին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ծրագրերի բաժնի պատասխանատու Նվեր Սարգսյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջազգային խորհրդատու Ռիկարդա Մաքֆոլսը: Հանդիպմանը մասնակցում էր «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ –ի նախագահ Ջորջ Բարսեղյանը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սիրիահայերի սոցիալական, տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ իրականացված քայլերին, առաջնահերթություններին ու մարտահրավերներին: Նախարարը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակին՝ ակտիվ համագործակցության ու աջակցության համար, և կարևորեց միջազգային, բարեգործական, համահայկական կառույցների մասնակցությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը, նրանց տնտեսական ինտեգրմանը: Նա հատկապես շեշտեց առողջապահական ու կրթական հարցերի լուծման անհրաժեշտությունը և մասնավորապես նշեց. «Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրիահայերի խնդիրները արագ և համակարգված լուծում ստանան, և նրանք հաստատվեն Հայաստանում»: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջազգային խորհրդատու Ռիկարդա Մաքֆոլսը նշեց, որ իր աշխատանքի նպատակն է տարածաշրջանի երկրների փախստականների համար ինտեգրման ծրագիր մշակելը և կարևորում է փախստականների բոլոր խմբերի ներառումը սոցիալական ծրագրերում: «Մարդկանց պետք է դարձնել ինքնաբավ, թիրախավորված աջակցություն ապահովել, որ արագ ինտեգրվեն հասարակությանը: Կարևոր է հասարակական կազմակերպությունների աջակցությունը, համախմբումը, համագործակցությունը», – հավելեց նա: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ –ի նախագահ Ջորջ Բարսեղյանը ներկայացրեց 2012թ. ստեղծված կազմակերպության իրականացրած աշխատանքները, ձեռքբերումները և խնդիրները: Քննարկվեցին նաև Սփյուռքի նախարարության կողմից մշակված՝ «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարության» նախագծին առնչվող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր