211652_close_icon
views-count5456 դիտում article-date 22:04 02-04-2018

Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոցն անվանակոչվել է Կոնստանտին Օրբելյանի անունով

Երևանի շուրջ 25 երաժշտական և արվեստի դպրոցներից միայն մեկն էր, որ չէր կրում որևէ ականավոր արվեստի գործչի անուն. դա «Մալաթիա» արվեստի դպրոցն էր: Այս տարվա փետրվարի 13-ին գումարված Երևանի ավագանու նիստում ավագանու անդամները հավանության են արժանացրել Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոցը ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անվամբ անվանափոխելու որոշման նախագծին: Պաշտոնական ցուցատախտակն արդեն փակցված է դպրոցի մուտքին, սակայն հանդիսավոր բացումը կլինի ավելի ուշ, հունիսին, Կամերային երաժշտության տանը կայանալիք հաշվետու համերգի հանդիսավոր միջոցառման ժամանակ, իսկ սեպտեմբերին դպրոցի շենքի պատին կտեղադրվի Օրբելյանի դիմաքանակը: Մինչ այդ, մարտի 26-ին դպրոցում տեղի ունեցավ պաշտոնական անվանափոխությունից հետո առաջին միջոցառումը՝ նվիրված Թատրոնի համաշխարհային օրվան: Այդ օրը Երևանի Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոցում տոնական եռուզեռ էր: Հյուրընկալել էին հայտնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և նրա դստերը՝ դերասանուհի Նաիրա Շահիրյանին: Դասական ու ժամանակակից մոտիվներով թատերական հետաքրքիր ներկայացում, դհոլներով ազդեցիկ ու տպավորիչ կատարում, վերջում էլ` անկեղծ զրույց դերասանների հետ: 1972 թվականին հիմնադրված արվեստի այս կրթօջախը սկզբում գործել է իբրև երաժշտական դպրոց, 1999 թվականին դարձել է արվեստի դպրոց, քանի որ ոչ միայն երաժշտական գործիքների և վոկալի, այլ նաև պարի, կերպարվեստի, թատերական բաժինների մեծ պահանջարկ կար: Այսօր դպրոցն ունի շուրջ 300 աշակերտ և 53 հոգանոց համերաշխ կոլեկտիվ: Արինա Մանուկյանն այստեղ է աշխատում 1990 թվականից: 1997-ից դպրոցի փոխտնօրենն է: Տիկին Արինան, կարելի է ասել, դպրոցի եռանդուն ոգին է՝ անսպառ էներգիայով: Պատմում է, որ դպրոցը Կոնստանտին Օրբելյանի անունով անվանակոչելու միտքը ծնվել է անվանի երաժշտի մահվան ժամանակ՝ 2014 թվականին: Տիկին Արինան չի համբերել և հենց նրա հոգեհանգստի օրը մոտեցել է նրա զարմիկին՝ Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին, և հայտնել իրենց նախաձեռնության մասին: Օրբելյան կրտսերն ընդունել է առաջարկը և խոստացել, որ առաջիկա օրերին կայցելի դպրոց քննարկելու այդ հարցը: «Ճիշտն ասած՝ մտավախություն ունեի, որ մաեստրոն միգուցե չգա կամ մոռանա մեր առաջարկի մասին: Բայց մի քանի օր անց նա զանգահարեց ու եկավ,-հիշում է տիկին Արինան,-մեր դպրոցն այդ ժամանակ վերանորոգված չէր, տեսքը շատ վատն էր: Մտածեցի՝ երևի թե կփոշմանի, որ դրական է արձագանքել: Բայց Օրբելյանը ոչ միայն համաձայնեց, այլև շատ ոգևորված էր մեր նախաձեռնությամբ և հուզված»: Դպրոցի տնօրեն Տաթևիկ Համբարձումյանը կարծում է, որ դպրոցի անվանափոխությունը շատ կարևոր էր ոչ միայն մեծ կոմպոզիտորին հարգանքի տուրք մատուցելու տեսանկյունից, այլև դպրոցին իրեն արժանի անվանումով հանդես գալու և իր անվամբ հպարտ լինելու առումով: Մեր դպրոցին «Մալաթիա» անվանումն ուղղակի համապատասխան չէր,-ասում է տնօրենը,-չէ՞ որ սա արվեստի դպրոց է: Մենք հիանալի սաներ ունենք, որոնք տարբեր տեղական ու միջազգային մրցույթների դափնեկիրներ են դառնում: Մի տեսակ միշտ վատ էինք զգում, որ հարցնում էին՝ ո՞ր դպրոցն եք ներկայացնում, ասում էինք՝ «Մալաթիա»: Այդ անունը շատերի մոտ Մալաթիա տոնավաճառի հետ է ասոցացվում: Այնպես որ, մենք հիմա ավելի հպարտ ենք, որ կրում ենք մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանի անունը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր