211652_close_icon
views-count3238 դիտում article-date 15:50 05-04-2018

Նախագահը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել պետքարտուղարին Սուրբ Աթոռում ջերմ հյուրընկալության համար` նշելով, որ ամեն անգամ իր այցերը բարեկամ Վատիկան ուղեկցվում են երկուստեք մեծ խորհուրդ ունեցող իրադարձություններով։ Դրանցից մեկը` Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի բացումը Վատիկանում, Նախագահի համոզմամբ, մեկ անգամ ևս հաստատում և ապացուցում է Հայաստանի հոգևոր կապը Սուրբ Աթոռի հետ: Հանրապետության Նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնելու և խորացնելու հոգևոր և մշակութային կապերը Վատիկանի հետ՝ խարսխված նույնակունք քրիստոնեական արժեքների և մշակութային ժառանգության վրա: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի գործունեությունը, որի շնորհիվ նաև, Նախագահի գնահատմամբ, նորովի ամրապնդվեց Վատիկանի դերը միջազգային ասպարեզում՝ որպես խաղաղության հաստատման, հանդուրժողականության, փոխըմբռնման և մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ պետքարտուղար Պարոլինը կշարունակի իր հոգածության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման հետագա քայլերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի պետական քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր