211652_close_icon
views-count1960 դիտում article-date 13:15 07-04-2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ, որում ասվում է. «Սիրելի մայրեր, ի սրտե շնորհավորում եմ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Ձեզնից են սկսվում սերն ու նվիրումն առ հայրենիք, որոնք երբեք չեն վերջանում, ինչպես ձեր մայրական զգացմունքները: Կյանք պարգեւելու վեհ առաքելությունից հետո դուք շարունակական կարեւոր դեր ունեք մարդու, հասարակության ու պետության կյանքում: Ձեր սերմանած բարությունն ու ջերմությունն անդավաճան ուղեկից են միջանձնային ու նաեւ միջպետական շփումներում: Որպես ընտանիքի հիմնասյուն, որպես մարդկային լավագույն որակների ամբողջություն՝ ձեր իմաստնությամբ ու սիրով գեղեցկացնում եք աշխարհը եւ հուշում, թե ինչպես կարելի է կառուցել մարդկանց ու երկրների փոխհարաբերությունները: Երախտագիտության զգացումով ցանկանում եմ առանձին շնորհավորել զինվորների մայրերին, ում ծնած ու դաստիարակած զավակների շնորհիվ է մեր սահմանը հուսալիորեն պաշտպանված, իսկ արժանապատիվ խաղաղությունը` երաշխավորված: Շնորհավորանքների հետ մեկտեղ խորին հարգանքս եմ հայտնում բազմազավակ մայրերին, ովքեր իրենց յուրահատուկ մասնակցությամբ են ձեւավորում երկրի ժողովրդագրական պատկերը: Մաղթում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն ու բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր