3297 դիտում
21:14 10-04-2018
Ի պատասխան Aravot.am կայքի «Զերծ մնալ ուսանողների վրա նահապետական ճնշումներից. պահանջ բուհերին և դասախոսներին» հրապարակմանը. ԵՊՀ
Եթե շատ կարճ վերլուծենք Aravot.am կայքի՝ 29.03.2018 թ.-ի հրապարակումը, ապա կարելի է եզրահանգել, որ՝
1. Հրապարակման հեղինակները դեմ են նահապետականությանը, ընդ որում՝ դրա բոլոր դրսևորումներին:
2. Հրապարակման հեղինակները որպես թիրախ ընտրել են ԵՊՀ երեք աշխատակցի և նրանց մասնակցությամբ երեք դեպք:
3. Հրապարակման հեղինակները կարծում են, որ իրավունք ունեն խոսելու «ՀՀ օրինական շահերից» և աներկբա հետևություններ անելու դրանց վերաբերյալ:
4. Եվ վերջապես հրապարակման հեղինակներն ունեն նաև պահանջներ, դրանք են՝ «դադարեցնել հեռախոսազանգերը ակտիվ ուսանողներին» և ստեղծել «ուսանողական խմբեր ակադեմիական և հասարակական հետաքրքրության այլ թեմաների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար», ինչպես նաև «զերծ մնալ նահապետական և հետադիմական մեթոդներով ուսանողների վրա ճնշումներ գործադրելու պրակտիկայից»:
Սա է հրապարակման ամփոփ նկարագիրը: Կփորձենք հնարավորինս հակիրճ վերլուծել այն, և պարզաբանել մեր դիրքորոշումը: Եվ որպեսզի պարզաբանումը տրամաբանական կառուցվածք ունենա, ապա այն կներկայացնենք «մեղադրանք (պահանջ) առ պատասխան» ձևաչափով՝ պահպանելով հաջորդականությունը:
1. Ինչպես նշեցինք, հրապարակման հեղինակները դեմ են նահապետականության բոլոր դրսևորումներին: Այս իմաստով փորձենք պարզել, թե ի՞նչ է նահապետականությունը, դա լա՞վ բան է, թե՞ ոչ, և ի վերջո արդյո՞ք մեր երկրում նահապետականությունն օրենքով արգելված է:
Նահապետականությունը կամ հայրիշխանությունը բնորոշում է տղամարդու առաջատար դերը տնտեսության, հասարակության մեջ և ընտանիքում։ Հասարակության պատմության մեջ նահապետականության հարցը դարեր շարունակ բանավեճի առարկա է եղել։ Շատ տարածված է մարդկային հասարակության նախասկզբնական նահապետականության վերաբերյալ տեսակետը, որին անտիկ ժամանակաշրջանում կողմնակից էին Պլատոնն ու Արիստոտելը։ Այդ գաղափարի հիմնական մերժող էր Ֆրիդրիխ Էնգելսը, սակայն ժամանակակից գիտնականների մեծ մասը դեռևս պաշտպանում է նահապետականության գաղափարները:
Հիմա, եթե նյութի հեղինակները դեմ են նահապետականությանը, ապա հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կողմ են դրան: Ավելին, ելնելով այն տեսակետից, որ նահապետականությունը կամ հայրիշխանությունը հասարակական իրականության այն ձևն է, որտեղ տղամարդիկ գիտակցաբար կամ անգիտակցաբար իշխող դիրք են զբաղեցնում քաղաքական կյանքում, առաջնորդում են տվյալ հասարակության բարոյամշակութային կյանքը, ունեն մի շարք առավելություններ և՛ ընտանիքում, և՛ հանրային միջավայրում, և այդ տեսակետը տեղափոխենք այժմյան Հայաստան, ապա կստացվի, որ նահապետականությունը, միգուցե նաև, մեզ անհրաժեշտ է:
Ամեն դեպքում, կարծում ենք, որ հրապարակման հեղինակները, չհասկանալով նահապետականության իմաստը, այն շփոթում են բռնարարքների, ճնշումների դրսևորման հետ: Կարծում ենք, որ երկարատև և մանրակրկիտ մասնագիտական քննարկումներ են անհրաժեշտ հրապարակման հեղինակներին նահապետականության գաղափարը բացատրելու համար: Մենք սիրով պատրաստ ենք կազմակերպել նմանօրինակ միջոցառում:
2. Հրապարակման հեղինակները գրում են, որ ԵՊՀ աշխատակիցներ Էդգար Քալանթարյանը, Արծրուն Ավագյանը և Ալիկ Ղարիբյանը չարաշահել են իրենց դիրքերը: Էդգար Քալանթարյանի մասին հրապարակման հեղինակները գրում են, որ «նա մարտի 20-ին կանգնել է ԵՊՀ Պալեանների դահլիճի դիմաց և թույլ չի տվել, որ ուսանողները մասնակցեն «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը»: Այս պնդմանը մենք արդեն անդրադարձել ենք, նշելով՝ հրապարակման հեղինակներն անցել են բացարձակ զրպարտանքի սահմանը։ Նախ՝ Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը պաշտոնապես թույլատրել է նրանց անցկացնել իրենց քննարկումը Պալեանների դահլիճում։ Այսինքն՝ եթե ԵՊՀ-ն դեմ լիներ միջոցառմանը, ապա պարզապես չէր տրամադրի իր դահլիճը։ Այնինչ ԵՊՀ-ն ոչ միայն տրամադրել է նրանց ուզած դահլիճը, այլև ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը լուսաբանել է քննարկումը՝ որպես հաղորդագրություն ուղարկելով նաև այլ ԶԼՄ-ներին։ Երկրորդ՝ հրապարակման հեղինակները բարձրաձայնում են, որ ԵՊՀ փոխդեկաններից Էդգար Քալանթարյանը իբրև խոչընդոտել է միջոցառման կայացմանը, սակայն հրապարակված տեսանյութը լիովին հերքում է այդ պնդումը։ Բացի դրանից՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկանի պաշտոնը զբաղեցնող Էդգար Քալանթարյանն իրավասու չէ իրականացնել թողնել-չթողնելու գործընթացը, քանի որ ԵՊՀ-ն ունի անվտանգության ծառայություն, որի գործառույթների մեջ են մտնում ԵՊՀ-ում կարգ ու կանոնի հաստատումը: Ըստ հրապարակման հեղինակների՝ իրենց դեպքում այդ գործառույթը ստանձնել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկանի պաշտոնը զբաղեցնող Էդգար Քալանթարյանը: Այդպիսի պնդումներն առնվազն կասկածելի են:
Հրապարակման մեջ նշված է, որ «ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, մարտի 26-ին առանձնազրույց է ունեցել առաջին կուրսի ուսանողուհի Անի Հակոբջանյանի հետ եւ փորձել է զգուշությամբ հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի Անին այլևս քաղաքացիական ակտիվություն չցուցաբերի»: Այս դեպքում շատ հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարելի է զգուշությամբ ճնշում գործադրել: Սովորաբար ճնշումն իրենից ենթադրում է ուժի գործադրում: Փաստորեն, ըստ հրապարակման հեղինակների՝ լինում է նաև զգույշ ճնշում: Իսկ թե ի՞նչ է այն ենթադրում և ինչպե՞ս է կիրառվում, կցանկանայինք հասկանալ և քննարկել: Ինչ վերաբերում է առանձնազրույցին, որն Արծրուն Ավագյանն ունեցել է Անի Հակոբջանյանի հետ, ապա ՀՀ օրենսդրական դաշտում մենք չգտանք առանձնազրույցներն արգելող որևէ իրավանորմ:
Ըստ հրապարակման՝ «ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, մարտի 22-ին ներխուժել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրս և փորձել է սաստել ակտիվ ուսանողներին և խրատել նրանց, որպեսզի չխայտառակեն համալսարանը»: Եթե դեպքերը զարգացել են հենց այդպես, ինչպես նկարագրված է հրապարակման մեջ, ապա Ալիկ Ղարիբյանին, որոշ իմաստով, պետք է անգամ շնորհակալություն հայտնել, քանզի նա խրատել է ուսանողներին, որպեսզի նրանք հանկարծ չխայտառակեն համալսարանը: Հակառակը լինել չէր կարող, որովհետև դատապարտելի է ցանկացած անձ, որը խայտառակում է հայրենիքը, հարազատ միջավայրը, ընկերներին: Այլ հարց է, թե Ալիկ Ղարիբյանն ի՞նչ է նկատի ունեցել, ասելով, որ ուսանողները խայտառակում են համալսարանը: Այս խնդիրը ևս քննարկման կարիք ունի, որը պատրաստ ենք սիրով կազմակերպել: Ալիկ Ղարիբյանի մասով, անհասկանալի մնաց այն, որ, ըստ հրապարակման հեղինակների, նա «ներխուժել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրս»: Ի՞նչ է նշանակում ներխուժել, և արդյո՞ք ԵՊՀ աշխատակազմի ղեկավար, միևնույն ժամանակ դասախոս Ալիկ Ղարիբյանը կաշկանդված է մտնել լսարան և դասախոսություն կարդալ: Կարծում ենք, որ ոչ: Մանավանդ որ ըստ դասացուցակի՝ ԵՊՀ դոցենտ, պ.գ.թ Ալիկ Ղարիբյանը նշված ժամին պարտավոր էր մտնել նշված լսարան, քանի որ այնտեղ պետք է դասախոսություն կարդար։ Ստացվում է, որ տվյալ դեպքում, եթե չհաշվենք կասկածելի եւ տարօրինակ «ներխուժում» հասկացությունը, Ալիկ Ղարիբյանը կատարել է իր աշխատանքային պարտականությունները:
3.Ամենայն հավանականությամբ հրապարակման հեղինակները այնպես, ինչպես նահապետականության դեպքում, լավ չեն հասկանում, թե ի՞նչ է նշանակում «ՀՀ օրինական շրջանակներ»: Ավելին, մենք էլ դա լավ չենք ըմբռնում, քանզի՝
1. Անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում «ՀՀ օրինական շրջանակ»:
2.Կարող է արդյո՞ք ՀՀ-ն ունենալ ապօրինի շրջանակ կամ շրջանակներ:
3. Որտե՞ղ և ինչպե՞ս է հնարավոր ծանոթանալ ՀՀ օրինական և ապօրինի շրջանակների մասին տեղեկացնող գրականությանը:
Եվ քանի որ այդ թեմայով մենք չգտանք ո՛չ գրականություն և ո՛չ էլ որևէ հղում, ապա ենթադրում ենք, որ խնդրի շուրջ լրացուցիչ պարզաբանումներ կստանանք և հետևություններ կանենք:
4. Որպես պահանջ հրապարակման հեղինակները ներկայացնում են այն, որ պետք է «դադարեցնել հեռախոսազանգերը ակտիվ ուսանողներին»: Սրա վերաբերյալ նշենք, որ այնպես, ինչպես առանձնազրույցների դեպքում, ՀՀ օրենսդրությունը չի արգելում հեռախոսազրույցները, և հեռախոսային կապի բնագավառում որևէ արգելք չկա: Մեր երկրում մարդիկ ազատ են ընտրելու շփման եղանակներն ու ձևերը: Հենց այդ ձևերից են առանձնազրույցներն ու հեռախոսազրույցները: Ընդ որում, օրենսդրությունը չի արգելում ունենալ հեռախոսազրույցներ թե՛ ֆիքսված, թե՛ բջջային հեռախոսակապով: Այս ձևաչափի թերևս միակ արգելքը կարող են լինել հեռախոսային շանտաժը կամ սպառնալիքը: Նմանաբնույթ գործողությունների անթույլատրելիության մասին կարող ենք պատկերացում կազմել՝ ընթերցելով ՀՀ քրեական օրենսգիրքը, իսկ այդօրինակ իրավիճակը կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ներառված համապատասխան հոդվածներով: Սակայն ինչպես երևում է, հրապարակման հեղինակները հրապարակումը գրելիս այն ուղարկել են ոչ թե իրավապահ մարմիններին, այլ Aravot.am կայքին, ինչը նշանակում է, որ նրանք քրեական տարրեր պարունակող գործողությունների մասին տեղեկատվություն չունեն:
Ինչքան հասկանում ենք, հրապարակման հեղինակները ցանկություն ունեն ըստ ակադեմիական և հասարակական նախասիրությունների ընդգրկվելու ԵՊՀ-ում գործող խմբակներում: Տեղեկացնում ենք, որ ԵՊՀ-ում կա Մշակույթի կենտրոն, որտեղ գործում են երգչախումբ, պարի, թատերական և գրական խմբակներ: Հրապարակման հեղինակները կարող են ընդգրկվել այդ խմբակներում: Բացի դրանից՝ մենք կսպասենք հրապարակման հեղինակների առաջարկներին, և եթե դրանք ողջամիտ լինեն, ապա կստեղծենք նաև այլ խմբակներ:
Ինչ վերաբերվում է «զերծ մնալ նահապետական և հետադիմական մեթոդներով ուսանողների վրա ճնշումներ գործադրելու պրակտիկայից» պահանջին, ապա կարծում ենք, որ մենք դրան արդեն անդրադարձել ենք:
Այս ողջ պատմության մեջ անհայտ են մի քանի հանգամանքներ՝
1. Ովքե՞ր են հրապարակման հեղինակները:
2. Ի՞նչ իրավական հիմք ունի Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը, որտե՞ղ, ո՞ր վարչական մարմնի կողմից և ե՞րբ է այն գրանցվել:
3. Ի՞նչ իրավական մեխանիզմներով է այն օժտված:
4. Ինչո՞ւ է հրապարակումն անստորագիր:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Երևանի պետական համալսարանը թափանցիկ հաստատություն է, որտեղից յուրաքանչյուրը կարող է ստանալ փնտրվող տեղեկատվությունը: Ավելին՝ մենք խորապես գիտակցում ենք, որ պարտավոր ենք թափանցիկ լինել նաեւ օրենքի տեսանկյունից, քանզի հանրային նշանակության կազմակերպություն ենք: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք պատրաստակամություն ենք հայտնում իրավական հարթության մեջ համագործակցել յուրաքանչյուր անհատի, իրավաբանական անձանց կամ նախաձեռնությունների հետ, որոնց դա անհրաժեշտ կլինի:
[b]Երևանի պետական համալսարան-YSU[/b]
Նմանատիպ նյութեր
1458 դիտում
17:37 26-08-2015
Սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերն այս տարի ևս կտրամադրվեն Գյումրիի բուհերին
3172 դիտում
20:54 05-04-2018
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի «Քոչարյանների ընկերությունը հաղթեց ռուսական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԻՆ» հրապարակմանը. ԵՊՀ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»