13352 դիտում
22:47 11-04-2018
Հակառակորդի ի՞նչ ռեզերվեներ են ոչնչացվել 2016թ.-ին. Սենոր Հասրաթյանն արձագանքել է գեներալ Հասանովի հայտարարություններին
Օրերս ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարներից գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, ծավալուն հարցազրույց է տվել armiya.az էլեկտրոնային պարբերականին՝ երկամյա վաղեմության առճակատումը ներկայացնելով որպես ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակ: Այս մասին գրում է [url=https://artsakhpress.am/arm/news/84202/hakarakordi-inch-rezervener-en-ochnchacvel-2016t-in-senor-hasratyann-ardzaganqel-e-general-hasanovi-haytararutyunnerin.html]«Արցախպրես»[/url]-ը:
Սեփական բանակի հասցեին շռայլություններ չխնայած ադրբեջանցի բարձրաստիճան հրամանատարը չի զլացել նաև «փնովել» հայկական բանակի գործողությունները՝ նշելով, որ 2015թ.-ից սկսած հայկական կողմը տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթի տակ էր պահում առաջնագծի մոտակայքում տեղակայված ադրբեջանական բնակավայրերը՝ դրան զուգահեռ իրականացնելով դիվերսիոն ներթափանցման փորձեր:
Թեմայի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ԱՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ:
[b]- Պարո՛ն Հասրաթյան, ինչպե՞ս կբնութագրեիք ադրբեջանցի գեներալի այս դիտարկումները:[/b]
- Նախ, եթե ուսումնասիրեք բանակի մամուլի ծառայության կողմից տարածվող օպերատիվ ամփոփագրերը, կտեսնեք, որ 2014թ. երկրորդ կեսից սկսած ադրբեջանական կողմը պարբերաբար ավելացնում էր հրադադարի ռեժիմի խախտումների քանակն ու կիրառվող զինատեսակների տրամաչափերը՝ արհեստականորեն ու միտումնավոր սրելով իրադրությունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 12-ին ավելի հեռուն գնաց և խոցեց ուսումնավարժական թռիչք իրականացնող, անզեն Մի-24 ուղղաթիռը, ինչը հրադադարի ամենախոշոր խախտումն էր 1994թ.-ից ի վեր: Այնուհետև անտեսելով բոլոր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը հրաժարվեց հայկական կողմին վերադարձնել չեզոք գոտում հայտնված ուղղաթիռի անձնակազմի դիակները: Դրան հետևեց արցախյան կողմի փայլուն կազմակերպված և իրականացված ուղղաթիռի անձնակազմի դիերի տարհանման օպերացիան, ինչը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում:
Եվ ահա այսպես, օր-օրի լարելով իրադրությունը, ադրբեջանական կողմը ապրիլին դիմեց ռազմական արկածախնդրության: Իսկ ինչ վերաբերում է խաղաղ բնակավայրերին հարվածներ հասցնելուն, ապա պետք է նշեմ, որ Արցախի պաշտպանության նախարարությունը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ ադրբեջանական խաղաղ բնակավայրերն ու առաջնագծին մոտ տեղակայված քաղաքացիական բնակչությունը, որը դարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես քաղաքականության պատանդը, մեզ համար հակառակորդ չէ և երբեք չի թիրախավորվել մեր կողմից: Այլ դեպք է, երբ ադրբեջանական զինվորական ղեկավարությունը, թաքնվելով սեփական ժողովրդի թիկունքում և վերջիններիս օգտագործելով որպես կենդանի վահան, իր կրակակետերը տեղակայում է խաղաղ բնակավայրերում և սկսկում այնտեղից կրակ վարել: Տվյալ դեպքում այդ կրակակետերը ենթակա են անհապաղ ոչնչացման: Այստեղ, որպես ապացույց, նշեմ միայն ադրբեջանական Չեմենլի և Զանգիշալը բնակավայրերում տեղակայված կրակակետերի լռեցման փաստը, որից հետո տեղի բնակիչների և զինվորականության շրջանում առաջացան բախումներ: Սրանից ավելի խոսուն ապացույցներ անհնար է գտնել:
- [b]Ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ իրենց պաշտպանության նախարարը մի անգամ հրամայել է պլանավորել և իրականացնել հայերին ավելի որոշիչ և կտրուկ հարված հասցնելու ծրագիր, որով մեկընդմիշտ վերջ կտրվեր բոլոր խնդրահարույց հարցերին: Պրն Հասրաթյան, արդյո՞ք սրանից կարելի է հասկանալ, որ ադրբեջանական կողմը վաղուց էր նախապատրաստվում հարձակման:[/b]
– Ադրբեջանական գեներալի այս խոսքերն ակամայից վկայում են, որ մինչև 2016թ. ապրիլը նրանց կողմից ակտիվ նախապատրաստություն է տարվել հարձակողական լայնամասշտաբ օպերացիա իրականացնելու համար: Որպես դրա դրդապատճառներ կարելի է համարել և՛ Ադրբեջանի ղեկավարության ամենատարբեր առիթներով արվող՝ Արցախը զենքի ուժով նվաճելու մասին հայտարարությունները, և՛ միլիարդավոր դոլարների սպառազինության ձեռքբերումը, և՛ ներքին լարվածությունը, և՛ միջազգային իրադրությունը: Սակայն նավթադոլարների հոտից արբեցած ադրբեջանական ղեկավարությունը չէր հաշվարկել կամ գուցե մոռացել էր հայ զինվորի բարձր մարտական ոգու, անկոտրում կամքի, հայրենիքն ու տունը կյանքի գնով պաշտպանելու պատրաստականության ու հայի միասնականության մասին, որոնց հանրագումարն էլ ի վերջո, ինչպես արցախյան առաջին, այնպես էլ ապրիլյան պատերազմի ժամանակ վճռորոշ եղան մեր հակառակորդին հրադադար պարտադրելու գործում: Իսկ ինչ վերաբերում է բոլոր խնդրահարույց հարցերին մեկընդմիշտ վերջ տրմանը, ապա Ադրբեջանում տիրող հայատյացության պայմաններում դժվար չէ հասկանալ, թե ինչի մասին էր երազում հակառակորդ երկրի վառոդի հոտը երբևէ չառած պաշտպանության նախարարը:
- [b]Պրն գնդապե՛տ, գեներալ Հասանովը նշում է, որ Թալիշի ուղղությամբ մղված մարտերում ադրբեջանցիները լրիվությամբ ապահովագրել են Թափկարակոյունլու գյուղի և Նավթալան քաղաքի անվտանգությունը և այսուհետ հայերը չեն կարող կրակի տակ պահել այդ բնակավայրերը: Ո՞րքանով են իրական նման գնահատականները:[/b]
- Այստեղ կարծում եմ գեներալի երևակայությունն ու անհեթեթությունները հասել են գագաթնակետին և նա պարզապես ցանկալին փորձել է ներկայացնել իրականության փոխարեն: Թալիշի հետ կապված ուզում եմ ադրբեջանական գեներալին հիշեցնել, թե ինչպես են իրենք իրենց զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով ապրիլյան պատերազմի ժամանակ մի ամայի դաշտում «Թալիշ» գրությամբ վահանակ տեղադրել ու նշել, որ Թալիշը գրավվել է ադրբեջանցիների կողմից: Բայց իրականությունն այն է, որ Թալիշը եղել, կա ու մնալու է հայկական: Ավելացնեմ նաև, որ ինչպես մինչ 2016թ. ապրիլյան առճակատումը, այնպես էլ դրանից հետո ոչ միայն ադրբեջանական վերոնշյալ, այլ՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով տեղակայված շուրջ երեք տասնյակ՝ ավելի ստույգ 28 բնակավայրեր, մեր զբաղեցրած գերիշխող դիրքերի շնորհիվ, գտնվում են պաշտպանության բանակի ուղիղ նշանառության տակ և դրանց հարվածելը ոչ մի դժվարություն չի ենթադրում: Բայց, ինչպես արդեն նշեցի, պաշտպանության բանակը, ի տարբերություն մեր հակառակորդի, երբեք իր առջև խնդիր չի դնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը: Ուստի ադրբեջանական գեներալի այս «եզրահանգումները» ականջահաճո կարող է լինել միայն Բաքվի տաքուկ ու հարմարավետ բնակարաններում ապրող մարդկանց համար, իսկ առաջնագծի բնակչությունն, ի տարբերություն Բաքվի շատ այլ պաշտոնյաների, քաջատեղյակ է իրականությանը:
[b]
– Գեներալ Հասանովը նշում է, որ «ապրիլյան պատերազմում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք մեր բանակի՝ իր առջև դրված մարտական խնդրի հստակ կատարման ունակության մեջ, ինչպես նաև տեսանք, թե ինչպես են իրական պատերազմական պայմաններում ադրբեջանցի զինվորները մեծ ճշգրությամբ կիրառում բանակի զինանոցում առկա ժամանակակից զենքերն ու տեխնիկական միջոցները»: Ի վերջո, ի՞նչ արդյունքի հասան ադրբեջանցիները 2016թ. ապրիլին: [/b]
– Եթե ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից գրավված մի քանի մարտական դիրքերը ադրբեջանական գեներալի համար իր բանակի հզորության չափանիշ են, ապա միայն «նախանձել» կարելի է նման բանակին: Որովհետև գործածության մեջ դնելով իր զինանոցում առկա գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ ռազմական ուղղաթիռներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «ՏՈՍ» տիպի հրանետեր, հարվածային անօդաչուներ, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ, տարբեր տիպի հրետանային ու հրթիռային միջոցներ և տալով մեծաքանակ մարդկային կորուստ, ադրբեջանական բանակը կատարեց ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդիր: Եթե սա է ադրբեջանական բանակի մարտունակության չափորոշիչը, ապա թող ուրախանան իրենց տարած «փայլուն» հաղթանակով և շարունակեն վայելել դրա պտուղները:
– [b]Պրն Հասրաթյա՛ն, ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ ապրիլյան մարտերում մասնակցություն են ունեցել միայն սակավաթիվ ուժեր և դրանում ադրբեջանական բանակի ռեզերվային ուժերը չեն ներգրավվել, այլապես հայերը լիովին կջախջախվեին: Ի՞նչպես կմեկնաբանեք սա:[/b]
– Ինչ վերաբերում է ապրիլյան մարտերին ադրբեջանական ռեզերվային ուժերի ներգրավմանը, պետք է ասեմ, որ ադրբեջանական բանակի գեներալը կամ անտեղյակ է իրողություններից, կամ պարզապես ապաշնորհ կերպով ստում է: Երկու դեպքում էլ դա հարիր չէ ու պատիվ չի բերում նման բարձր պաշտոն զբաղեցնող զինվորականին: Իսկ իրականությունը բոլորովին այլ է. ապրիլյան մարտական գործողությունների առաջին օրվա ընթացքում կրած կորուստներից հետո ադրբեջանական հրամանատարությունը ստիպված էր ռազմաճակատային գիծ տեղաշարժել իր բանակի կորպուսային ռեզերվները, մասնավորապես Ակնայի հատվածում, որտեղ մեծ վնաս էր հասցվել ադրբեջանական բանակի 190-րդ մոտոհրաձգային բրիգադին, որի մշտական տեղակայման վայրն ու դեպի կենտրոնացման շրջաններ զորաշարժվող ստորաբաժանումների հիմնական մասը ջախջախվել էր, իսկ բրիգադի հրամանատար, գնդապետ Յուսիբովը մահացել: Այդ նպատակով Ակնայի ուղղությամբ տեղաշարժվեցին Գյանջայում և Մինգեչաուրում տեղակայված ռեզերվային 130-րդ և 708-րդ բրիգադները:
Այս ռեզերվային ուժերի, ինչպես նաև «Յաշմա» հատուկ նշանակության ջոկատի ջախջախումից հետո Ադրբեջանը ուղիներ էր փնտրում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, և ի վերջո Մոսկվայի միջնորդությամբ կարողացավ հասնել իր նպատակին՝ հերթական անգամ մուրալով իրեն այդքան անհրաժեշտ կրակի դադարեցում: Այսպիսով, ադրբեջանական կողմից հավելյալ ռեզերվային ուժերի ներգրավման բացակայությունը պայմանավորված էր ոչ թե հակառակորդի բարի կամքի դրսևորմամբ, ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական գեներալը, այլ՝ կատարյալ ֆիասկոյի մատնվելու վախով: Եվ վերջում ուզում եմ հարց ուղղել գեներալ Հասանովին. «Եթե ռեզերվային ուժեր չեն ներգրավվել, ապա ի՞նչպես են առաջնագծում հայտնվել «Սմերչ»-երը, «ՏՈՍ»-երը, ուղղաթիռները, հարվածային անօդաչուները…»:
[b]Հարցազրույցը վարեց Վահրամ Պողոսյանը[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1481 դիտում
11:52 14-04-2021
Գնել Հասրաթյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
1517 դիտում
16:15 27-09-2014
ԼՂՀ-ն դիվերսանտ Հասանովի դին կհանձնի Ադրբեջանին
3314 դիտում
15:00 05-08-2022
Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև կապն այժմ չի գործում. 168.am
Այս բաժնից
1003 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
982 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
916 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր