211652_close_icon
views-count6179 դիտում article-date 10:47 20-04-2018

Կամ լճացում, կամ բանակցություններ. զրոյական արդյունքով խաղ հնարավոր չէ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջանորդողը գրում է. «Oրերս հարցազրույց էի վերցնում մեր քաղաքականության (և, ի դեպ, հեղափոխության) վետերաններից մեկից՝ Վազգեն Մանուկյանից, և նա, խոսելով իրավիճակի հանգուցալուծման տարբերակների մասին, նշել է հետևյալ երեք հնարավորությունները. 1/ Փաշինյանի շարժումը կմարի, և դա վատ հետևանքներ կունենա, որովհետև իշխանություններն այս իրադարձություններից ոչ մի դաս չեն քաղի (կմտածեն՝ «опять пронесло), 2/ իշխանությունն ուժային ճանապարհով կճնշի շարժումը, որի հետևանքները նույնպես վատ կլինեն՝ դա մի քանի տարով նորից հետ կգցի մեր երկիրը, գումարած դրան՝ իշխանությունները դարձյալ ոչ մի դաս չեն քաղի: Կա, ըստ Վազգեն Մանուկյանի, երրորդ ճանապարհը՝ բանակցություններ և փոխզիջումներ. ընդդիմությունը որոշակի պայմաններով դադարեցնում է ակցիաները՝ պահպանելով ճնշման բոլոր հնարավորությունները և ձեռք բերելով որոշակի լծակներ: Պատկերացնում եմ, թե որքան անբնական է թվում այդ առաջարկը երկու կողմերին էլ: «Ի՞նչ բանակցություններ, հեսա, քիչ մնաց, մենք նրանց կտապալենք, մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք»՝ կբացականչեն հեղափոխականները: (Ի դեպ, նրանք չեն հստակեցնում, թե ո՞րն է իրենց պահանջների էությունը՝ վարչապետի հրաժարակա՞նը, ՀՀԿ-ի կողմից նոր վարչապետի առաջադրո՞ւմը, Ազգային ժողովի լուծարո՞ւմը): «Ի՞նչ բանակցություններ, մենք երբ ուզենանք, նրանց բոլորին կհավաքենք»՝ կհոխորտան իշխանությունները: Կողքից էլ երևի կասեն՝ «բա ինչպես պիտի Սերժն ու Նիկոլը նստեն բանակցությունների»: Բայց պետության տեսանկյունից խոսքը Նիկոլի և Սերժի մասին չէ, խոսքը Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի (պատգամավորների) մասին է՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասին: Եթե ոչ նրանք, ապա ովքե՞ր պիտի բանակցեն: Հասկանում եմ, որ իշխանությունները և հատկապես հեղափոխականները ձգտում են, այսպես ասած՝ «զրոյական արդյունքով խաղի»: Բայց դա հնարավոր չէ, որովհետև Հայաստանում բռնապետական ռեժիմ չէ՝ ինչ էլ ասեն ընդդիմադիրներից ոմանք՝ մենք բռնապետություն դառնալու ոչ մի ռեսուրս չունենք: Խաղի արդյունքի մնացած բոլոր տարբերակները ընդունելի են, իրենք՝ քաղաքական գործիչները, վստահ են, որ որոշակի կամք դրսևորելու դեպքում նրանք կկարողանան դրանք գտնել: Գուցե նախագահ Արմեն Սարգսյանը հուշի: Չէ՞ որ հենց նա է, ըստ Սահմանադրության, հանդես գալիս արբիտրի դերում: Կրկնեմ՝ դրա այլընտրանքը լճացման շարունակությունն է: Լավագույն դեպքում՝ առանց բռնությունների»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր